«Ադրբեջանի ժողովուրդը Երևանն էլ է ուզում. քո տո՞ւնն ես տալու, Նիկոլ». Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե նպատակ են դրել փրկել Արցախում ապրող 120 հազար հայերին, այլ նպատակ են դրել վարկաբեկել Ռուսաստանին:

«Արցախում բառիս բուն իմաստով գենոցիդ է իրականացնում, դրան զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունն ասում է՝ Արցախից հրաժարվում են: Մենք կանգնած ենք շատ մեծ աղետի դիմաց, և ինչ-որ փուլից նույնիսկ 44-օրյա պատերազմը կարող է այնքան մեծ աղետ չթվալ այն աղետի դիմաց, որի առաջ մենք կանգնած ենք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագիրը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, Հայկ Դերզյանը հետևյալն ասաց. «Իսկ դու Ադրբեջանի ժողովրդի հետ հեչ շփվե՞լ ես, խոսե՞լ ես, այդ ժողովուրդն ավելին է ուզում, ասում են՝ Երևանն էլ ենք ուզում, քո տո՞ւնն ես տալու, Նիկոլ, պատրա՞ստ ես տալ Սևանը, Սյունիքը, Վայոց ձորը, որովհետև Ադրբեջանի ժողովուրդը դա է ընդունելի համարում: Աշխարհում հաղթում են ամուր իշխանությունները, երբ թիկունքին ունեն լավ ժողովուրդ, իսկ լավ ժողովուրդ հասկացությունը հարաբերական է, քանի որ, եթե դու ուժեղ պետություն ես, ժողովուրդը քո թիկունքին է, դու շատ բաների կարող ես հասնել: Եվրոպական տարբեր հարթակներ իրենց կարմիր գորգերին տեսել են բոլորին՝ Սադամ Հուսեյնին, Քադաֆիին, Հիտլերին և մյուսներին, բոլորին տեսել են, բոլորին ընդունել են, այլ հարց է, թե ում ինչպես են ճանապարհում: Եթե ունես լավ ղեկավար, իրեն ինչպես պետք է՝ կընդունեն, և ինքն ինչ-որ բան կվերցնի, կգա իր հայրենիք: Երբ ունես նման ապաշնորհ, պոպուլիստ Նիկոլ Վովայի Փաշինյան, իրեն բոլորի պես կընդունեն, բայց կճանապարհեն դատարկ գրպաններով, մի բան էլ՝ այդ գրպանն իրենց ուզած օրակարգը դրած»:

Կարդացեք նաև

Հայկ Դերզյանը նշեց, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն այս պահին ակտիվ աշխատում են տարբեր հարթակներում. «Հայաստանի համար շատ ծանր ժամանակահատվածում այն հարթակները, որոնք մենք ունենք, առավելագույնս փորձում ենք օգտագործել: Օրինակ՝ Արմեն Աշոտյանն առավելագույնս փորձում է միջազգային հարթակն օգտագործել, Լիլիթ Բեգլարյանը՝ ևս: Տիգրան Աբրահամյանը անընդհատ այցելում է սահմանային հատվածներ, հետևում իրավիճակին: Մամիջանյան Հայկն է միջազգային հարթակներում տարբեր հարցեր բարձրացնում, տեսնում ենք՝ ինչպես են Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում իրեն լռեցնել, բայց չի ստացվում: Մեր կուսակցության մյուս ներկայացուցիչներն են տարբեր հանդիպումներ ունենում, աշխատանք տարվում է»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը դեռ իշխանության է, հետևաբար, բավարար չէ տարվող աշխատանքը, նա արձագանքեց. «Մենք անգործության չենք մատնվել, մեր կուսակցությունը, չունենալով իշխանական լծակներ, փորձում է առավելագույնն օգտագործել, որպեսզի մեր պետությանն ինչ-որ կերպ օգտակար լինել: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք, որովհետև բոլոր այն շարժումները, որ տեղի ունեցան, այդ ամենից պետք է հետևություն անենք: Մենք հարմար պահի, երբ ողջ գործընթացը գեներացվի, մեր վերջնական հարվածը հասցնելու ենք: Քաղաքացիներից ընդամենը խնդրում ենք ներողամտություն, համբերություն և աջակցություն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս