
Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել դետեկտիվ ժանրի օրենսդրական փոփոխություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել դետեկտիվ ժանրի օրենսդրական փոփոխություն, որով առաջարկում է ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանելու նպատակով լրացում կատարել համապատասխան օրենքում՝ իրականացնելով էլեկտրոնային հսկողություն` «ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի եւ վարքագծի նկատմամբ»: Հսկողություն իրականացնող մարմինն էլ կլինի ներքին գործերի նախարարությունը։ Նախագծում նշվում է, որ ուսումնասիրել են միջազգային փորձը եւ պարզել, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկա:
«Բռնություն գործադրած անձի նկատմամբ նման համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս օպերատիվորեն հսկել վերջինիս տեղաշարժը` կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու եւ բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով»:
Որոշ երկրներում այս սարքի միջոցով ոստիկանությունը կարող է ուղիղ խոսել իրավախախտի հետ` տեղադրված բարձրախոսով: Եթե բռնարարը դուրս է գալիս օրենքով սահմանված տարածքից եւ փորձում է հասնել զոհի տարածք, ապա սարքավորումն ազդանշան է տալիս ե՛ւ զոհին, ե՛ւ ոստիկանությանը: Համակարգը կազմված կլինի 2 սարքավորումից` հատուկ հսկողության ձեռնաշղթաներ (բրասլետներ)՝ մեղադրյալի համար, եւ ծանուցող սարք՝ այն անձի համար, ումից մեղադրյալին հրահանգվել է հեռու մնալ:
«Նշված ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու ընտանեկան բռնության զոհերի անվտանգությունը եւ հեռու պահել բռնարարին զոհից»,- գրված է տեքստում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում