27+1. Ինչպես հայ փրկարարների խմբի «անհայտ» անդամը կյանքեր փրկեց Թուրքիայում
Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7․7 մագնիտուդով հզոր երկրաշարժից ժամեր անց հայ փրկարարների խումբն արդեն Թուրքիայի ճանապարհին էր՝ օգնելու աղետից ամենատուժած շրջաններից մեկին՝ Ադըյամանին։
Վերջին մոտ հարյուր տարվա ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժից տուժեց ավելի քան 13 մլն մարդ, փլուզվեցին հարյուրավոր շենքեր, հազարավոր մարդիկ մնացին փլատակներում։
Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների համար այս օրերին Ադըյաման ու աղետից տուժած մյուս շրջաններ ժամանած փրկարարների աշխատանքը վերջին հույսն էր՝ գտնելու փլատակներում մնացած ընկերոջը կամ հարազատին։
Թեպետ պաշտոնապես հայտարարվել էր, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկում 27 փրկարարից բաղկացած խումբ, սակայն պաշտոնական այս վիճակագրությունից դուրս էր մնացել խմբի կարևոր անդամներից մեկը՝ չորքոտանի փրկարար Ջեկը։ Պարզվեց, որ շուրջ 8 տարվա փրկարարական աշխատանքի փորձ ունեցող Ջեկն իսկական հեղինակություն էր դարձել միջազգային փրկարարների շրջանում։
«Ջեկը շատ լավ է աշխատել, հարմարվել է տեղանքին։ Չի եղել որևէ խնդիր, որն առաջադրված լիներ և չիրականացվեր։ Անգամ եղել է դեպք, որ Պակիստանից այստեղ եկած փրկարարները դիմել են մեր հրամանատարությանը՝ Ջեկի օգնության խնդրանքով։ Բնականաբար, մենք ընդառաջել ենք, և նրանք Ջեկի միջոցով կարողացել են մեկ անձի ողջ դուրս բերել փլատակներից»,- պատմեց փրկարարական խմբի անդամ Օնիկ Վարդանյանը՝ նշելով, որ Ջեկն առաջին անգամ է մասնակցում նման լայնածավալ փրկարարաորոնողական աշխատանքների։
Այն, որ շունը կարճ ժամանակում դառնում է բոլորի սիրելին, ինքներս համոզվեցինք հայ փրկարարներին այցելելուց րոպեներ անց, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց, դիվանագետ Սերդար Քըլըչը, ով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Ադըյամանում այցելելու էր եկել հայ փրկարարներին, մոտեցավ շանն ու սկսեց շոյել նրա գլուխը, խաղալ նրա հետ։ «Շատ լավն է»,- պտտվեց ու ասաց մեզ Քըլըչը, ապա սիրով լուսանկարվեց Ջեկի հետ, ում շնորհիվ հայ փրկարարներն Ադըյամանում ընդհանուր առմամբ երկու ողջ մարդու են դուրս բերել փլատակներից։
Իսկ քաղաքում, առհասարակ, փլատակների կարող էիր հանդիպել ամեն քայլափոխի։ Այստեղ ամեն կանգուն երկու շենքի կողքին մեկը կամ ամբողջությամբ փլուզված էր, կամ գտնվում էր կիսաքանդ վիճակում, կամ թեքված էր այնպես, որ անգամ ամենափոքր նոր ցնցումը պատճառ կդառնար դրա ամբողջական փլուզման։ Ուրվական այդ շինություններից դուրս՝ փողոցներում տեղադրված էին վրաններ, որտեղ զրոյին մոտ ջերմաստիճանում այսօր ապրում են հազարավոր մարդիկ։
«Մենք փրկարարներ ենք, եթե մեր օգնության կարիքը կա, ապա պետք է լինենք այստեղ»,- ասում է Հայաստանից ժամանած փրկարար խմբի պետ, կապիտան Վահե Գևորգյանը՝ խոսելով այն մասին, թե որքանով էր հեշտ կամ դժվար ծառայություն իրականացնել մի երկրում, որի հետ Հայաստանն ունի պատմականորեն չլուծված ու ցավոտ հարցեր։ «Իհարկե, կան որոշակի հոգեբանական պահեր, բայց աշխատում ենք զսպել դրանք։ Շատ են եղել դեպքեր, երբ Թուրքիայի քաղաքացիները՝ թուրքեր ու քրդեր, եկել են և իրենց շնորհակալությունն են հայտնել մեզ այստեղ գալու ու օգնելու համար։ Եղել են նաև Թուրքիայի քաղաքացի հայեր, ովքեր ևս եկել ու իրենց երախտիքի խոսքն են ասել մեզ»,- նշում է Գևորգյանը՝ պատմելով, որ այս օրերին հաջողությամբ համագործակցել են ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ երկրներից այստեղ ժամանած օտարերկրյա փրկարարների հետ։
Լեռնափրկարար դեսանտ, ավագ ենթասպա Աղասի Ավետիսյանը վստահեցնում է, որ միջազգային որակավորում ունեցող հայ փրկարարների թիմը պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած հանձնարարություն։ Իհարկե, աշխատանքի ընթացքում խնդիրներ ևս կային, բայց դրանց հաղթահարումն անհնար չէր։
«Մեր աշխատանքների իրականացումը բարդ էր նրանով, որ չէինք տիրապետում լեզվին [հեղ. – թուրքերենին], որ կարողանայինք ազատ շփվել, հասկանալ, թե ինչ են ուզում թուրք գործընկերները, ինչպիսին է փլատակների կառուցվածքը և այլն։ Բայց մեր առջև կատարված խնդիրները կատարել ենք գերազանց և անհամբեր ենք վերադառնալ Հայաստան»,- ասաց ավագ ենթասպա Ավետիսյանը։
Փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով Թուրքիայում պաշտոնական տվյալներով զոհերի թիվն արդեն գերազանցում է 36 հազարը, վիրավորների թիվը ավելի քան 100 հազար է։
«Արմենպրես»