Բաժիններ՝

Ունենալու ենք և՛ լավ հետազոտական համալսարան, և՛ Գիտությունների ակադեմիայի կյանքը կերկարի․ Ատոմ Մխիթարյան

Փետրվարի 14-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել քննարկում` նվիրված ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա հետազոտական համալսարանի ստեղծմանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ղեկավարությունը, ամբիոնների վարիչներ:

«Մենք ունենք մտադրություն՝ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա ստեղծել հետազոտական համալսարան, որը փորձենք զարգացնել և ներգրավել միջազգային ցանցերի մեջ»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ Զարգացման ծրագրերի և մշտադիտարկման վարչության գիտական կադրերի պատրաստման ծրագրերի պատասխանատու Սամվել Կարաբեկյանն էլ ներկայացրել է հետազոտական համալսարանի ստեղծման նպատակները և քայլերը: Ըստ նրա՝ հետազոտական համալսարանի ստեղծման հիմնական նպատակն է բնագիտական, տեխնոլոգիական, հումանիտար և հասարակագիտական ուղղություններով արդիական գիտական հետազոտություններ կատարելու ունակ, ստեղծագործական-նորարարական մտածելակերպ ունեցող բարձրակարգ մասնագետներ պատրաստելը՝ հաշվի առնելով միջազգային պահանջարկը:

Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կշարունակի հետազոտական համալսարանի մոդելի ստեղծմանն ուղղված աշխատանքները՝ հաշվի առնելով հնչած կարծիքներն ու առաջարկները:

Կարդացեք նաև

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ սա կարևոր քայլ է։

«Ինչպես հասկացա քննարկումից՝ սա Գիտությունների ազգային ակադեմիան պահելու միակ ձևն է, որովհետև հակառակ դեպքում ուզում են ԳԱԱ կազմում գտնվող 30-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտ տանել, միացնել բուհերին։ Հիմա, եթե Ակադեմիան ունենում է հետազոտական համալսարան, ընդ որում, արդեն կա Գիտակրթական միջազգային կենտրոնը, որտեղ մագիստրոսներ և ասպիրանտներ են պատրաստում, ստացվում է, որ գիտությունն ու բարձրագույն կրթությունը միասին գործում են։ Կարծում եմ՝ լավ արդյունքներ հնարավոր կլինի գրանցել, որովհետև լավագույն համալսարանների թվում դասվելու համար հետազոտության բաղադրիչը պետք է մեծ լինի։ Գիտահետազոտական ինստիտուտներում արդեն կա այդ բաղադրիչը և, եթե մի քիչ էլ կրթական բաժինն ուժեղանա, կստացվի, որ ունենալու ենք և՛ լավ հետազոտական համալսարան, և՛ Գիտությունների ակադեմիայի կյանքը կերկարի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը։

Մեր տեղեկություններով՝ կազմվելու է հանձնաժողով, որտեղ հավանաբար ընդգրկված կլինի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը, կամ գոնե կտեղեկանան, թե ինչ ընթացք կունենան քննարկումները։ Նախարարության վերաբերմունքը բացասական չէ։

Տեսանյութեր

Լրահոս