«Ամուսնացիր և սանձիր կնոջդ». Վանաձորի թատրոնը սպասում է հանդիսատեսին
Իսպանիա, ութսունամյա պատերազմի ժամանակաշրջան։ Հերոսներ, որոնք երազում են շահավետ ամուսնության, սիրո և վայելքների մասին:
Այս ամենին է անդրադառնում Ջոն Ֆլեթչերի և Ֆրենսիս Բոմոնթի «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» պիեսի համանուն բեմադրությունը, որը փետրվարի 17-ին կբարձրանա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ:
Ներկայացման գաղափարի հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն է: Վարպետի մահվան պատճառով այն կյանքի է կոչում թատրոնի գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը:
«Արմենպրես»-ի նկարահանող խումբը ներկա է եղել ներկայացման փորձին, զրուցել ռեժիսորի և գլխավոր դերակատարների հետ:
«Վահե Շահվերդյանն իմ վարպետն է եղել: Այս ասպարեզում ֆունդամենտալ գիտելիքներ նրանից եմ քաղել՝ բեմական ճաշակ, գեղագիտություն և այլն, սակայն մտածողությունը տարբեր է, ինչը բնական է, քանի որ մենք տարբեր սերունդների մարդիկ ենք: «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» նրա վերջին գործն է, որը սկսեց, սակայն չկարողացավ ավարտել: Իմ խնդիրը վարպետի վերջին խոսքը հնարավորինս իր ոճով ու ասելիքով հանդիսատեսին հասցնելն է: Փորձել եմ չխառնվել Վահե Շահվերդյան ռեժիսորի գործին ու նրա լուծումներն իմը չդարձնել»,-շեշտում է Սարգիս Մանուկյանը:
Դերասան Էդգար Քոչարյանի խոսքով՝ Շահվերդյանը միշտ ընտրում էր ստեղծագործություններ, որոնց միջոցով բոլոր ժամանակներում ասելիք կունենա՝ ոչ միայն երեկ, այլև այսօր և վաղը:
Ներկայացման մեջ ընդգծված է կնոջ և տղամարդու հակամարտությունը. կին, որն ազատատենչ է, տղամարդ, որն անում է հնարավորն, անգամ ստում է՝ կնոջը հնազանդեցնելու համար:
«Բոլոր դարերում եղել են ու մեր ժամանակներում էլ կան մարդիկ, որոնք խաբեության միջոցով են հասնում իրենց նպատակին: Ինքս հաճախ չեմ հանդիպում մարդկանց, որոնք ուզում են սանձել կամ սանձվել: Կարծում եմ՝ մեր ժամանակներում տղամարդիկ ավելի տոլերանտ են ու շատ ավելի փորձում են հարմարվել, քան սանձել»,-նշում է Քոչարյանը:
Էդգար Քոչարյանի մարմնավորած կերպարը՝ Լեոնը, ունի մոտիվացիա. նա ցանկանում է յուրացնել թեթևաբարո տիկնոջ՝ Մարգարիտայի հարստությունը, ինչն անելու միակ ճանապարհը նրան սանձելն է:
«Ընթացքում նա սիրում է այդ կնոջը: Մի գնդակով երկու նապաստակ է խփում և տիրանում է հարստությանն ու կարողանում է արժանանալ Մարգարիտայի սիրուն»,-պատմում է դերասանը:
Մարգարիտայի դերակատար Նոնա Սաֆարյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր դերասանուհի երազել կարող է այդ կերպարը կերտելու մասին: Երբ իրեն է վստահվել դերը, ոգևորվել է, բայց այն իրեն շատ է տանջել:
«Երկար ժամանակ փորձում էի գտնել կերպարը: Ես հասկանում էի, թե ինչու է նա այս կամ այն քայլն անում, բայց չգիտեի՝ ինչպես դա արտահայտել: Հետո որոշեցի ինձ հանգիստ թողնել, ու Մարգարիտան սկսեց քայլել, ապրել իմ փոխարեն»,-ասում է դերասանուհին:
Երբ Վահե Շահվերդյանի մահվան պատճառով ներկայացման փորձերն ընդհատվել են, Սաֆարյանը հաճախ է հիշել նրա խոսքերն այն մասին, որ հանդիսատեսը ներկայացման սկզբում չպետք է համակրի Մարգարիտային, բայց Նոնա Սաֆարյանը փորձել է կերպարի դրական կողմերը գտնել: Նրան դա հաջողվել է. բեմադրությունը դիտելիս չես խորշում այն կնոջից, որին դերասանուհին մարմնավորում է:
Անդրադառնալով Սարգիս Մանուկյանին՝ Սաֆարյանը նշում է՝ նրա շնորհիվ ոչ միայն պահպանվել է այն, ինչ ստեղծել է Վահե Շահվերդյանն, այլև շարունակություն է ունեցել:
«Անչափ ուրախ ու շնորհակալ եմ Սարգիս Մանուկյանին, որ պահպանել է ամեն ինչ գեղեցիկ անելու գաղափարը, որովհետև նման ստեղծագործություններում շատ հեշտ է գնալ գռեհկության, մի անփույթ շարժում ու կարող ես գեղեցկությունը փչացնել»,-շեշտում է Նոնան:
Դերասանները վստահեցնում են՝ ներկայացումը դիտելով՝ մարդիկ կկտրվեն գաղջ առօրյայից և թատրոնից կհեռանան բարձր տրամադրությամբ:
Նոնա Սաֆարյանից և Էդգար Քոչարյանից բացի ներկայացման մեջ զբաղված են Վահրամ Խառատյանը, Ալլա Դարբինյանը, Արման Կոլոսովը, Արթուր Պապիկյանը, Էդգար Բարսեղյանը, Թինա Գալոյանը, Քրիստինե Ալիխանյանը, Հերիքնազ Բաղդասարյանը, Արսինե Արսենյանը, Արման Սաքանյանը, Հակոբ Դեմիրճյանը, Արմեն Չարչյանը, Մարիամ Ղևոնդյանը, Արփինե Հակոբյանը, Արաքսյա Քոչարյանը, Գայանե Վարդանյանը, Անի Աբրահամյանը, Աննա Քոչինյանը:
Նկարչական ձևավորումը` Սարգիս Մանուկյանի, երաժշտական ձևավորումը` Արեն Օսիպյանի, պարերը` Արման Սաքանյանի: