«Միրզոյանի արածը պարզապես շոու է». Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը Թուրքիայում նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ընթացքում հայ-թուրքական սահմանի բացման մասին հնչող հերթական հայտարարություններն անարդյունք է որակում:
168.am-ի հետ զրույցում ամերիկահայ գործիչը պարզաբանեց. «Թուրքիան է փակել սահմանը: Եթե Թուրքիան ուզում է սահմանը բացել, Էրդողանը կարող է հրահանգել, և 24 ժամից սահմանը կբացվի: Ինձ համար անհասկանալի է, թե ինչի՞ մասին են մեկ տարի և ավել խոսում Ռուբինյանը և Քըլըչը. նույնիսկ երկու րոպե զրուցելու հարց չկա»:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Թուրքիա: Անկարայում նա հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այսօր հայտնի էր դարձել նաև, որ Հայաստանը ցամաքային սահմանով մարդասիրական նոր բեռ է ուղարկել Թուրքիա:
Հարութ Սասունյանն այս համատեքստում անդրադարձավ նաև բանակցությունների բովանդակությանը՝ նկատելով, որ թեև անընդհատ նշվում է «առանց նախապայմանների» գործընթացի մասին, այդուհանդերձ, Թուրքիան պարբերաբար խոսում է նախապայմաններից՝ Ադրբեջանի հետ խաղաղության դաշնագրի ստորագրման պահանջի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և այլն:
Ըստ նրա՝ թուրքական այս քաղաքականությունը շարունակվելու է նաև բաց սահմանի պարագայում. «Կանխատեսում եմ՝ եթե որևէ դեպք պատահի, ինչը դուր չի գա թուրքական կողմին, նրանք անմիջապես կասեն՝ եթե Հայաստանն այս բանը չանի, մենք սահմանը կփակենք: Այսինքն՝ Հայաստանը միշտ լինելու է թուրքական սպառնալիքի տակ»:
Ի դեպ, ամերիկահայ գործիչը չի ընկալում ՀՀ իշխանությունների մարդասիրությունն ու առատաձեռնությունը թուրքական կողմի հանդեպ, երբ 120.000 արցախահայեր շուրջ երկու ամիս և ավելի շրջափակման մեջ են:
«Մեր ղեկավարները՝ թե՛ վարչապետը, թե՛ նախագահը, թե՛ ԱԺ նախագահը, շատ ինքնահավան ձևով հայտարարում են օգնության ձեռք մեկնելու մասին, միամտորեն նշում, թե այս օգնությունը կարող է խաղաղության դուռ բացել, և առավել՝ իրենք խոսում են Թուրքիայի երկրաշարժի աղետի մասին՝ մոռանալով, որ 120 հազար արցախահայեր այսօր սովամահ լինելու վտանգի առջև են:
Մեր ղեկավարները երբեք ազնվությունը չունեն՝ ասելու, որ՝ օգնելու ենք թուրք վիրավորներին, բայց միաժամանակ գիտակցում ենք՝ նաև լուրջ հարց ունենք՝ Լաչինի միջանցքի պատճառով և մտահոգություն ունենք Արցախի ժողովրդի համար:
Ուղարկում են փրկարարներ, ուղարկում են 100 տոննա բեռ (որտեղի՞ց են ուղարկում), այժմ էլ՝ 30 տոննա ևս: Այդ օգնության մի մասը գոնե կարող էին Արցախ ուղարկել Կարմիր խաչի, ռուս խաղաղապահների միջոցով. 120 հազար մարդու մասին է խոսքը»:
«Ես չեմ հասկանում՝ Արարատ Միրզոյանն ինչու գնաց Անկարա, ի՞նչ են խոսելու, որ 14 ամիս է՝ Ռուբինյանն ու Քըլըչը չեն խոսել: Կարծում եմ՝ Միրզոյանի արածը պարզապես մի շոու է՝ առանց որևէ իմաստի, և ավելի վատն այն է, որ մենք ունենք 27 հայ փրկարարներ Թուրքիայի Ադիյաման քաղաքում, որոնք իրենց առաքելությունն ավարտել են և արդեն վերադառնալու էին Հայաստան, բայց ՀՀ իշխանությունները հրահանգել են նրանց սպասել, որովհետև Միրզոյանը գալու է Ադիյաման և նկարվելու է փրկարարների հետ:
Այդ Միրզոյանի նկարի համար այդ մարդիկ մեկ-երկու օր ևս պետք է մնան այդտեղ, պարզապես որպեսզի Միրզոյանն իր փիառն անի»,- ամփոփեց Հարութ Սասունյանը: