Ոչ բոլոր երթուղիներում է հնարավոր աշխատանքային այդ գրաֆիկն ապահովել․ Քաղաքապետարանը՝ 20։00-ից սկսած` տրանսպորտ չլինելու մասին
Քաղաքացիները հաճախ են դժգոհում, որ երեկոյան 20։00-ից հետո երթուղային գտնել չի հաջողվում և ստիպված դիմում են տաքսիների օգնությանը։
Երևանի քաղաքապետարանից փոձեցինք ճշտել, թե մինչև ժամը քանի՞սն է աշխատում տրանսպորտը, արդյո՞ք տարբեր են նոր ավտոբուսի վարորդների և «Գազելների» վարորդների աշխատաժամերը։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ ըստ նախատեսվածի՝ պետք է մինչև 22։00-22:30-ը աշխատեն, բայց քանի որ ոչ բոլոր երթուղիների շարժակազմերն են համալրված անհրաժեշտ քանակի մեքենաներով, ոչ բոլորն են մինչև այդ ուշ ժամերը կարողանում աշխատել:
«Օրինակ, երթուղին սպասարկվում է 8 մեքենայով, ու եթե բոլորը ժամը 21։30-ի դրությամբ արդեն իրենց օրվա նախատեսած ուղերթերը կատարել են, ևս մեկի դեպքում շատ ավելի ուշ կվերադառնան։ Այս պատճառով է, որ հնարավոր չի լինում ապահովել մինչև 22։30 աշխատանքը։ Երբ երթուղիները կարողանանք համալրել անհրաժեշտ քանակի մեքենաներով, ապա այդ ժամանակ ամենը նաև կառավարման կենտրոնից կհսկվի, որպեսզի նախատեսված ժամերը պահպանվեն։ Հիմա ոչ բոլոր երթուղիներում է հնարավոր աշխատանքային այդ գրաֆիկն ապահովել՝ հատկապես մասնավոր երթուղիներում»,- մանրամասնեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
Նրանց փոխանցմամբ՝ հերթական նոր ավտոբուսների խմբաքանակն էլ երթուղի դուրս կգա մարտ ամսից։