Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այն վերջնական չէ. Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, թե «խաղաղության պայմանագրում» Ղարաբաղի մասին հիշատակում կա։
«Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը վերջնական չէ, բանակցություններ են ընթանում, որովհետև ես հասկանում եմ, որ հանրությունը, լրագրողական համայնքը հնարավորինս հստակ բաներ է ակնկալում։ Բայց ես էլ ակնկալում եմ, որ դուք որոշակի չափով հասկանաք մեզ, որ դա բանակցային գործընթաց է, և գիտեք, հայտնի մոտեցում կա բանակցություններում, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, դեռ ոչ մի բան համաձայնեցված չէ։ Այսինքն՝ որոշ կետերում կարող էր համաձայնություն լինել։ Գիտեք, որ մենք արդեն համաձայնել ենք, որ Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, բայց սա չի նշանակում, որ վերջնական համաձայնեցված է»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե «խաղաղության պայմանագիրը» Արցախի մասին որևէ բան ներառում է։
Հարցին՝ հայկական կողմի համար սկզբունքայի՞ն է «խաղաղության պայմանագրում» որևէ կերպ արծարծել Արցախի հարցը։
«Հայկական կողմի համար ավելի կարևոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակներում Ստեփանակերտը և Բաքուն քննարկեն անվտանգությունն ու իրավունքները, թե դա որ ֆորմատով կկատարվի, դա չէ առաջնայինը, առաջանայինը մեխանիզմի ստեղծումն է»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը։
Անդրադառնալով Հայաստան եկող ԵՄ դիտորդական առաքելությանը և այդ առումով ՌԴ-ի քննադատությանը, Արմեն Գրիգորյանն ասաց, որ այդ կոնտեքստում Հայաստանին որևէ մեկը որևէ բան չի պարտադրում, այսինքն՝ Արևմուտքը որևէ բան չի պարտադրել, այդ առաքելությունը հայկական կողմի որոշումն է եղել։
«Կարող եմ ասել, որ այդ առաքելության ժամանումը նաև փոխկապակցված է մեր փորձի հետ։ Ինչ նկատի ունեմ՝ ասելով փորձ. Գիտեք, 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել, նույնը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին։ Հաշվի առնելով այդ փորձը, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, անվտանգության որոշակի երաշխիքներ ստեղծելու նպատակով։ Անվտանգության երաշխիքները միայն ռազմականով չեն լինում, նույնիսկ տնտեսական հարաբերությունների համար անվտանգության որոշակի երաշխիքներ է պետք ստեղծել։ ԵՄ քաղաքացիական դիտորդները նման հավելյալ երաշխիքներ են ստեղծում»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում