«Մա՛մ, նայի՝ ինչ խոսքեր են՝ ես խաղաղ երկնքով կգամ տուն». այսօր 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ռոստի ծննդյան օրն է
Երևանի ամենահին անկյուններից մեկում՝ Կոնդ թաղամասի տներից մեկում է ծնվել և մեծացել 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը՝ Ռոստը։
Հակոբի ազատատենչ ու ըմբոստ տեսակը հարազատները զգացել են ծննդյան առաջին օրերից:
«Իրեն նոր էինք բերել տուն, մեկ ամսական չկար՝ ինչ ձևով էլ իրեն բարուրում էին, մի քանի րոպե անց տեսնում էինք՝ ոտքը, ձեռքը՝ դուրսն են,- 168.am-ի հետ զրույցում հիշում է հայրը՝ Արա Ռոստոմյանը և հավելում,- Զգացվում էր՝ ծնված օրից էլ աշխույժ ու անհանգիստ երեխա է մեծանալու»:
Արա Ռոստոմյանը պատմում է նաև, որ որդին դեռ մանկուց իր հասակակիցներին վերաբերվում էր ավագ եղբոր հոգածությամբ, իսկ արդեն ծառայության տարիներինիր զինվորներին նվիրվում էր ծնողական սիրով:
«Քանի որ եղբայրն իրենից երկու տարի մեծ էր, ինքն ավելի շատ եղբոր ընկերների հետ էր շփվում: Եվ այդ առումով ինքն ավելի հասուն էր իր տարիքի համեմատ: Երբ փողոցում ինչ-որ կռիվ էր լինում, պաշտպանում էր իր հասակակիցներին: Մեծ եղբայրն ասում էր՝ Հակոբ, դե լավ էլի, ասում էր՝ բա էն երեխեքին ի՞նչ են նեղացնում:
Երբ սեպտեմբերի 27-ին պետք է գնար, երեկոյան եկավ մեր տուն, ու երբ մայրն ասեց՝ դու քոնը ծառայել ես, ո՞ւր ես գնում, նորից իր խոսքը եղավ՝ բա էն երեխեքին ո՞վ տիրություն անի, ես այդ բոլոր պոստերը հինգ մատիս պես գիտեմ, հիմա նրանց մեկը պետք է»,- հուզմունքով հիշում է նա:
2020 թ. սեպտեմբերի 27. Պատերազմի լուրը լսելուն պես՝ Ռոստը շտապել էր Հանրապետության հրապարակ, որտեղ հարյուրավոր դաշնակցական կամավորներ սպասում էին Արցախ մեկնելու հրամանին: Սեպտեմբերի 29-ի առավոտյան արդեն, չսպասելով իր հերթին՝ նա որպես կամավոր շտապել էր Արցախ՝ տանը թողնելով երկու զավակներին, կնոջն ու ծնողներին:
Հակոբի ավագ որդին՝ Արան, ամեն օր է հիշում հոր հետ վերջին հրաժեշտի օրը.
«Մեր Րաֆֆու դպրոցի բակից էի իրեն ճանապարհում: Ինքն ինձ ասեց՝ դու գնա տուն, բայց չգնացի: Աչքիս առաջ ամեն օր այդ դրվագը գալիս է, որ ինքն ավտոբուսով գնաց: Ասեց՝ ես անպայման հետ եմ գալու, դու չմտածես»:
Կրտսեր որդին՝ Դավիթն էլ հուզմունքով ասում է, որ շատ է ուզում նմանվել հայրիկին. «Ինքը շատ ուժեղ էր, հայրենասեր էր: Եթե տեսնում էր՝ մեկը տխուր էր, ինքը փորձում էր այդ տխրությունն իջեցնել: Ինքը շատ բարի, ուրախ, խիզախ մարդ է եղել բոլորիս համար: Եվ հիմա, որ ինքը մեզ մոտ չի, մեզ համար շատ մեծ կորուստ է»:
Փոքրիկ սենյակում Հակոբի մասին հիշեցնող շատ բան կա՝ նրա համազգեստը, նկարները, մեդալները…
Մայրը՝ տիկին Նարինեն, Հակոբի մասին դժվարությամբ է խոսում անցյալով:
Պատմում է՝ նա բոլորի հանդեպ էր հոգատար ու ծննդյան տոներին առաջին շնորհավորողն էր:
Մոր համար առանց որդու ամեն օրը կյանք ու կռիվ է՝ ինչպես Հակոբի սիրելի ֆիլմում էր:
«Այդ ֆիլմն ինքն անպայման պետք է նայեր՝ թեկուզ վեցերորդ անգամ: Միասին նայում էինք, ասում էր՝ մա՛մ, նայի՝ ինչ խոսքեր են՝ ես խաղաղ երկնքով կգամ տուն…:
Մեզ համար հիմա ամեն օրը կյանք ու կռիվ է …»,- հուզմունքը խեղդելով՝ ասում է տիկին Նարինեն:
44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ էր: 2009-2015 թթ. ծառայել է հայոց բանակում. սկզբում՝ որպես շարքային, ապա վերապատրաստվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և համալրել Արցախի պաշտպանության բանակի սպայական կազմը։
Ռոստը հինգ տարի ծառայել է Մարտակերտում, Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է մարտադաշտ:
Հոկտեմբերի 6-ին Հակոբ Ռոստոմյանի վերջին մարտն էր հանուն հայրենիքի. Ռոստն ընկավ իր սիրելի Մարտակերտում:
Մանրամասները՝ տեսանյութում