«Արցախը պետք է ինքնորոշվի, և մենք շարունակենք ապրել մեր հողում». արցախցի կին
«Մենք արցախցի՛ ենք, մենք նահանջող չե՛նք, փորձում ենք հաղթահարել այս ծանր իրավիճակը, որը, կարծում եմ՝ ստացվում է»,- 168am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնյա Օհանջանյանը: Արցախը ավելի քան 2 ամիս շրջափակման մեջ է: 120 հազար մարդ, այդ թվում՝ երեխաներ, զրկված են ազատ տեղաշարժվելու, կրթվելու, բավարար սնվելու հնարավորությունից:
Արցախցի կնոջը հարցրեցինք, թե ինչպե՞ս են կարողանում հոգալ իրենց կարիքները, հատկապես հաշվի առնելով գազի և էլեկտրաէներգիայի անջատումները.
«Մեծ մասը վառարաններ են դրել, փայտ են վառում, իհարկե, ոչ բոլորը նման հնարավորություն ունեն: Դպրոցներում ու մանկապարտեզներում էլ անցել են փայտի վառարաններով ջեռուցմանը: Մենք էլ բոլորի պես՝ առավոտ արթնանում ենք՝ ոչ գազ ունենք, ոչ՝ լույս: Լավ է, մի փոքրիկ գազի բալոն ունենք լիցքավորած, առավոտները կարողանում ենք գոնե ձու խաշել, նախաճաշել, բայց չենք դժգոհում, դժվարություն է, կհաղթահարենք»:
Իսկ արդյո՞ք խանութներում բավարար չափով սնունդ կա, միրգ-բանջարեղեն, հարցրեցինք տիկին Լեսմոնյային.
«Շատ չէ, բայց խանութներում սնունդ կա, միրգ էլ կա՝ բանան, խնձոր, մանդարին, նարինջ… Այս ընթացքում մեր երեխաները հնարավորություն ունեցան 2 անգամ մանդարին համտեսել, որ գոնե համը չմոռանան…»:
Զրույցի ընթացքում տիկին Լեսմոնյան չմոռացավ և հատուկ ընդգծելով՝ շնորհակալություն հայտնեց աշխարհասփյուռ հայությանը, որոնք այսօր էլ կանգնած են Արցախի և արցախցու կողքին:
«Արցախը մերն է եղել, մերն էլ մնալու է: Շնորհակալ ենք աշխարհի հայերին, որ մեր կողքին են, հույս ունենք, որ նաև նրանց շնորհիվ այս հարցին շուտ լուծում կտրվի: Արցախը պետք է ինքնորոշվի, և մենք շարունակենք ապրել մեր հողում: Մեր հողը, մեր ջուրը, մեր Արցախ աշխարհը… Ինչքան լավ բառ կա՝ գրե՛ք…»,- հուզմունքը զսպելով՝ ասաց տիկին Լեսմոնյան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։