«Կողքից եմ իմացել, որ ազատման հրաման կա». Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը՝ Պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին

Պաշտպանության նախարարի հրամանով ՊՆ  խորհրդական գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գեներալ Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ազատման մասին երեկ է տեղեկացել.

«Չգիտեմ, թե որոշումն ինչով է պայմանավորված: Երեկ եմ այդ մասին տեղեկացել»:

Ճշտող հարցին՝ ո՞վ և ինչպե՞ս է ձեզ տեղեկացրել ազատման մասին, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Կողքից եմ իմացել: Հրաման կա, ազատման հրաման»:

Իսկ, թե ո՞րն է ազատման պատճառը, Վարդան Ավետիսյանն ասաց, որ հրամանը դեռ չի ստացել, ուստի չի կարող պատասխանել այդ հարցին:

Կարդացեք նաև

Ճշտող հարցին՝ ազատումն ինչո՞վ եք պայմանավորում, գեներալը կարճ պատասխանեց՝ «չգիտեմ»:

Նշենք, որ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը մասնակցել է արցախյան ազատամարտին: Նա նաև հեղինակ է գիտական, հրապարակախոսական հոդվածների, պատմվածքների:

Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը Պաշտպանության նախարարի խորհրդական էր նշանակվել 2016 թվականից: Նա վերջին տարիներին ծառայություն էր իրականացնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, հետևում պանթեոնի տարածքում բարեկարգման աշխատանքներին:

Գեներալն օրերս 168.amի հետ զրույցում հայտնել էր, որ Կառավարությունում որոշում է կայացվել, որպեսզի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության տարբեր դիրահերձարաններում գտնվող 80-ից ավելի մասունքները, որոնք ԴՆԹ փորձաքննություն են անցել, սակայն ծնողները հրաժարվում են դրանք վերցնել,  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեն և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են կատարվում:

Տեսանյութեր

Լրահոս