Ավստրալիայի խորհրդարանի որոշ անդամներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը

Ավստրալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ կոչ անելով Ադրբեջանին անմիջապես բացել միջանցքը: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը:

Ավստրալացի սենատոր Ջենեթ Ռայսը երկրի խորհրդարանի վերին պալատում հայտարարել է, որ բոլոր երկրներում պետք է հարգվեն մարդու իրավունքնեը:

«Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի Արցախի համայնքի համար և մեծ մտահոգություն է առաջացրել Ավստրալիայի հայ համայնքի մոտ», – նշել է սենատորը՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը նաև տեղեկացնում է Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ավստրալիա-Հայաստան ներխորհրդարանական միության նախագահ Ջերոմ Լաքսալի ելույթի մասին: Միանալով սենատոր Ջենեթ Ռայսին՝ Լաքսալը նույնպես դատապարտել է Ադրբեջանի կողմից արցախահայերի շրջափակումը:

«Բերձորի միջանցքը, որը սովորաբար կոչվում է կյանքի ճանապարհ, ինքնորոշված հայ բնակչության միակ ցամաքային կապն է Արցախի և արտաքին աշխարհի միջև… Կան բոլոր նշանները, որ այս արգելափակումը հերթական ողբերգական պահը կդառնա հայ ժողովրդի պատմության մեջ», – նշել է պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս