Եվրախորհրդարանի նախագահը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին հորդորել է քայլեր ձեռնարկել ԵԽ պատգամավորների հասցեին անհիմն հայտարարությունների դեմ

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովային ուղղված նամակում վճռական անհամաձայնություն է հայտնել 2022 թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Թուրալ Գյանջալիևի արած հայտարարություններին։ Նամակն իր սոցիալական էջերում հրապարակել է Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների համանախագահ Մարինա Կալյուրանդը:

«Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պարոն Գյանջալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ «կոռուպցիայի միջոցով Եվրոպայի խորհրդարանի անդամների ֆինանսավորման մեխանիզմ ստեղծելու համար»: Իր մեղադրանքների համար ոչ մի հիմք չներկայացնելով՝ նա պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղում թալանված ոսկու հանքավայրերից ստացված եկամուտները» մտնում են Ադրբեջանի գործողությունները քննադատող խորհրդարանականների գրպանը։ Նա նաև Twitter-ում տարածել է Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդի նկատմամբ ուղղակի անձնական հարձակում պարունակող հոդվածը՝ նրան կեղծ մեղադրանք ներկայացնելով կոռուպցիայի համար», – գրել է Մեցոլան։

Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու լավ հարաբերություններ կառուցել Ադրբեջանի Միլի մեջլիսի հետ՝ փոխադարձ հարգանքի ոգով։

«Դա կարող է ներառել և հաճախ ներառում է կառուցողական քննադատություն, որը, սակայն, պետք է հիմնված լինի փաստերի վրա, այլ ոչ թե անհիմն և զրպարտող պնդումների: Այդ պատճառով ես երախտապարտ կլինեի, եթե Դուք ձեռնարկեիք բոլոր հնարավոր քայլերը՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար», – գրել է Մեցոլան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Գաֆարովային ուղղված նամակում:

Տեսանյութեր

Լրահոս