«Ցավալի աղետ է, և ՀՀ-ի կողմից Թուրքիային մարդասիրական աջակցությունը կարևոր և անհրաժեշտ քայլ էր». Անահիտ Ավանեսյան

«Զինվորները նորմալ վիճակում են, բուժման գործընթացը բարեհաջող է ընթանում»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված զինծառայողների առողջական վիճակին:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե որպես իշխանության ներկայացուցիչ՝ ի՞նչ դիրքորոշում ունի հայ փրկարարներին Թուրքիա ուղարկելու վերաբերյալ.

«Կարծում եմ, որ տեղի է ունեցել մարդկային աղետ, և Հայաստանի կողմից մարդասիրական աջակցությունը կարևոր ընդգծում է և անհրաժեշտ միջոցառում»:

Դիտարկմանը, թե հիմա մարդկային աղետ է նաև Արցախում, Անահիտ Ավանեսյանն ասաց.

Կարդացեք նաև

«Այո, և մենք ակնկալում ենք նման մոտեցում նաև միջազգային հանրությունից, միջազգային կազմակերպություններից Արցախում և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող միջադեպերի հետ կապված»:

Լրագրողներն Անահիտ Ավանեսյանին հարցրեցին, թե ինչպե՞ս է գնահատում այս մարդկային աղետի ֆոնին Թուրքիայի նախագահի երեկվա հայտարարությունը, երբ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին, ապա հավելեց, որ Ղարաբաղի հարցում շարունակում են պատրաստակամ լինել.

«Ես իմ գնահատականը տվեցի, որ սա ցավալի աղետ է, և Հայաստանի կողմից մարդասիրական աջակցությունը կարևոր և անհրաժեշտ քայլ էր»:

Լրագրողների այն դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի տրամադրած բայրաքթարներից նաև իր հարազատն է զոհվել, Անահիտ Ավանեսյանն այսպես արձագանքեց.

«Այո՛, իմ հարազատները երկրաշարժի ժամանակ ևս տուժել են, և ինձ համար՝ որպես մարդ, շատ ցավալի է նման մարդկային աղետը որևէ երկրում…»:

Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի 2 ամիս փակ լինելուն, Առողջապահության նախարարն ասաց, որ մինչ այս պահ հնարավոր է եղել 77 պացիենտ  տեղափոխել Հայաստան, և ստացել  են անհրաժեշտ բժշկական օգնություն:

Լրագրողները Անահիտ Ավանեսյանին հարցեր ուղղեցին նաև սուր շնչառական վարակների վերաբերյալ, նախարարն ասաց, որ այն նոր չէ, դեռ աշնանն է նկատվել, որի դեմ նախարարությունը որոշակի միջոցառումներ է ձեռնարկել, իսկ այս պահին, հակառակը՝ որոշակի նվազում է նկատվում:

«Եթե նկատվի աճ, որովհետև սովորաբար սեզոնայնությամբ պայմանավորված՝ նաև փետրվարի վերջ, մարտին կարող է ևս մեկ ալիք լինել, ապա կձեռնարկենք անհրաժեշտ միջոցառումներ»:

Նարեկ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս