Օսթինը և Ստոլտենբերգը քննարկել են Կիևին տրամադրվող օգնությունը, ՌԴ-ին հակազդումը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը, Ռուսաստանին հակազդումը և աջակցություն են հայտնել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին մինչև հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Կողմերը նաև ցավակցություն են հայտնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին:

Օսթինը և Ստոլտենբերգը, մասնավորապես, խոսել են «2022 թ.-ի Մադրիդի գագաթնաժողովում ընդունված որոշումների իրականացման առաջընթացի մասին՝ կատարելագործելու ՆԱՏՕ-ի ուժերի հարմարեցումը, որպեսզի ավելի արդյունավետ կերպով լուծվեն Ռուսաստանի, ինչպես նաև ահաբեկչության հետ կապված մարտահրավերները»:

Բացի դրանից, նրանք քննարկել են Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը, որտեղ, ինչպես նշված Է հայտարարության մեջ, «կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ու զսպման ներուժը զորեղացնելու համարե։ Պենտագոնի ղեկավարը և Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը վերահաստատել են իրենց աջակցությունն այն բանին, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցեն մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը։

Լիտվայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի բարձր մակարդակով հանդիպումը նախատեսված է հուլիսի 11-12-ը: Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թ. մայիսի 18-ին։ Սպասվում էր, որ Ստոկհոլմը և Հելսինկին դաշինքին միանալու հրավեր կստանան անցյալ տարվա հունիսի 28-30-ը Մադրիդում կայացած գագաթնաժողովում, սակայն Թուրքիայի վետոն արգելափակեց այս գործընթացը։

Անկարան պահանջում է փոխել ահաբեկչության վերաբերյալ այս երկու երկրների օրենքները, ահաբեկչական ճանաչել քրդական կազմակերպությունները, ինչպես նաև չեղարկել Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից Թուրքիային զենքի մատակարարումների արգելքը։ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության անհրաժեշտ փաստաթղթերն առայժմ չի վավերացրել նաև Հունգարիան:

ТАСС գործակալությունն իր հերթին հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարվա մայիսի 16-ին Կրեմլում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում նախազգուշացրել Էր Մոսկվայի պատասխան արձագանքի մասին, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ենթակառուցվածքն ընդլայնվի Ֆինլանդիայի և Շվեդիայի տարածքում: Ընդ որում, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնումն անմիջական վտանգ չի ստեղծում Ռուսաստանի Դաշնության համար, քանի որ Մոսկվան այդ երկրների հետ խնդիրներ չունի:

Տեսանյութեր

Լրահոս