«Որևէ մեկը չի ժխտում 44-օրյա պատերազմին Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը». Սարգիս Խանդանյան

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը շեշտում է՝ ոչ ոք չի ժխտում, որ Թուրքիան ներգրավվածություն է ունեցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, սակայն կարծում է, որ հնարավոր չէ փորձել անդադար թշնամության միջավայրում երկրի արտաքին քաղաքականությունը պայմանավորել, ուստի կարևորում է թշնամանքը, սպառնալիքներ կառավարելու աշխատանքները շարունակելը:

Խանդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:

Պատգամավորը Խանդանյանին հարցրեց՝ Թուրքիան Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալի՞ք է, թե՞ ոչ: Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք Խանդանյանը համաձա՞յն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի այն դրույթների հետ, որոնք վերաբերում են Արցախի խնդրի կարգավորմանը, կառավարության 5-ամյա ծրագրում տեղ գտած դրույթներին: Ավետիսյանի հաջորդ հարցը Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման վերաբերյալ էր:

«Այո, 2020 թվականի պատերազմից հետևություններ արվել են, ու որևէ մեկը չի ժխտում Թուրքիայի մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունն այդ պատերազմին: Բայց մենք չենք կարող անդադար թշնամության միջավայրում փորձել մեր արտաքին քաղաքականությունը պայմանավորել, մենք պետք է շարունակենք աշխատանքները, որ թշնամանքը կառավարվի, սպառնալիքները կառավարվեն, և մենք, ի վերջո, կարողանանք հասնել մի հանգրվանի, որ այս տարածաշրջանը լինի խաղաղ ու անվտանգ»,-ասաց Խանդանյանը:

Անդրադառնալով հարցի երկրորդ հատվածին՝ պատգամավորը հիշեցրեց, որ կառավարության ծրագիրը ներկայացնելիս 2021 թվականի օգոստոսին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր դիտարկում է արել, որ ՀՀ միջազգային գործընկերները, հատկապես, համանախագահ երկրները ԼՂ հակամարտության լուծումներ փնտրելիս առաջարկում են օրակարգը բաց պահել ու վերջնանպատակներ չսահմանել, որպեսզի գործընթացը չխոչընդոտվի:

«Եվ այս առումով մեր դիրքորոշումներն ու մոտեցումները ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նաև դրանով եմ պայմանավորված եղել»,- ասաց նա:

Խանդանյանը հավելեց, որ վերջնանպատակը ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանությունն ու երաշխավորումն է:

Տեսանյութեր

Լրահոս