«Մենք ինտենսիվ կազմակերպում ենք աշխատանքները». Մալաթիա տոնավաճառի տնօրեն
«Շուկան աշխատում է, այժմ մենք ինտենսիվ կազմակերպում ենք աշխատանքները»,- 168.am-ի հետ զրույցում փոխանցեց «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ընկերության (Մալաթիա տոնավաճառի) տնօրեն Սամվել Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի «Մալաթիա» տոնավաճառում անցկացրած ստուգումներից հետո որոշում էր կայացրել՝ փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չէր վերացրել։
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հանրությանը հրդեհային անվտանգության տեսանկյունից ուղիղ սպառնալիք ներկայացնող խախտումները վերացվել են:
«Տոնավաճառի սեփականատերերի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, և այս պահին տեսչական մարմնին հայտ է ներկայացվել՝ կատարված աշխատանքներն ամփոփելու և արդյունքում որոշում կայացնելու, տոնավաճառի գործունեությունը վերսկսելու համար»,- նշել է տեսչական մարմնի ղեկավարը:
Սամվել Ավետիսյանը հավելեց, որ առաստաղի, հոսանքի լարերի խնդիրներն են վերացվում. աշխատանքներն իրականացվում են հատված-հատված, որ չտուժեն վաճառողներն ու գնորդները:
Ինչ վերաբերում է ծխատարին, ապա այն, ըստ տոնավաճառի տնօրենի, երկարատև գործընթաց է. «Պայմանավորվել ենք. դրա համար մեզ լրացուցիչ ժամանակ կտան: Պետք է նախագիծ, նախահաշվարկ անեք՝ հետո որոշենք՝ երբ ենք սկսելու և երբ ենք ավարտելու»: