Ամենայն հավանականությամբ, «Մալաթիա» տոնավաճառը կվերսկսի իր գործունեությունը՝ մեկ պայմանով. Գարեգին Խաչատրյան
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի «Մալաթիա» տոնավաճառում անցկացրած ստուգումներից հետո որոշում էր կայացրել՝ փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չէր վերացրել։
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ օրեր առաջ ընդունել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրինությանը և տոնավաճառում գործունեություն իրականացնող որոշ տնտեսվարողների: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ տոնավաճառի սեփականատերը համապատասխան մասնագետների ներգրավմամբ ինտենսիվ միջոցներ պետք է ձեռնարկի և վերացնի բոլոր այն խախտումները, որոնք ուղղակի սպառնալիք են՝ ինչպես տոնավաճառի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ՝ տոնավաճառից օգտվող մեր համաքաղաքացիների համար:
«Տոնավաճառի սեփականատերերի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, և այս պահին տեսչական մարմնին հայտ է ներկայացվել՝ կատարված աշխատանքներն ամփոփելու և արդյունքում որոշում կայացնելու, տոնավաճառի գործունեությունը վերսկսելու համար: Այս պահին հարցը քննարկվում է, կարծում եմ, այսօր կունենանք համապատասխան որոշում: Այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում, և, ամենայն հավանականությամբ, տոնավաճառը կվերսկսի իր գործունեությունը: Սակայն պայմանով, որ հստակ ժամկետներ են տրվելու տոնավաճառի տնօրինությանը, որպեսզի այն խախտումները, որոնք թեկուզև ուղղակի սպառնալիք չեն հանրության անվտանգության համար, այդ ժամկետներում վերացնեն»,- նշեց տեսչական մարմնի ղեկավարը: