Բաժիններ՝

«Արտադրական կանեփի վերաբերյալ օրենքի նախագիծը վերջի սկիզբն է. սա երկրի մասին մտածողի վարք չէ, փող են գռփում». Գագիկ Համբարձումյան

Փետրվարի 1-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  նախագիծը: Քննարկումից հետո որոշվեց 2 ամիս հետաձգել նախագծի ընդունումը՝ շահագրգիռ անձանց հետ աշխատանքային քննարկում իրականացնելուց հետո։

Նախագիծը ներկայացնում էր Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նա հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունը լիազորություններ ունի լիցենզիա տրամադրել թմրամիջոցների ներկրման և առհասարակ օգտագործման  համար։

«Մասնավորապես, այն բոլոր միջոցների համար, որոնք ներկրվում, օգտագործվում են, այդ ամբողջ լիցենզավորման գործընթացը տրամադրվում է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության հիմքով Լիցենզավորման հանձնաժողովի կողմից։ Քանի որ արտադրական կանեփը նույնպես հանդիսանում է  թմրամիջոց, այն պարունակում է թմրամիջոց, սակայն շատ ավելի փոքր քանակով»,- պարզաբանել էր Լենա Նանուշյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր խոսքում դժգոհեց այդ ոլորտի տված արդյունքներից, ընդգծելով, որ եթե ոլորտի պատասխանատվությունն իր գլխավորած նախարարությանը տրամադրվի, ապա ամեն ինչ կանեն, որպեսզի արդյունքն այլ լինի, քան այսօր է։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ, պահեստազորի սպա Գագիկ Համբարձումյանը խոսելով օրենքի այս նախագծի և ընդունման դեպքում դրա հետևանքների մասին, նշեց՝ հաշվի չեն առել, թե օրենքի նախագիծն ընդունելու դեպքում Հայաստանում որքան են աճելու հանցագործությունները։

«Եթե սովորական այլ դեպքերում լիներ, ապա հարցը ես կմեկնաբանեի այսպես՝ օրենքի այդ նախագիծը վերջի սկիզբն է։ Բայց քանի որ վերջի սկիզբն արդեն շատ ունենք, սա ընդամենը հերթական օղակն է՝ երկիրը ոչնչացնելու, կործանելու և դեգրադացնելու համար։ Արդյունաբերությանը, արտադրությանը զարկ են տալիս թմրամիջոցի հաշվին, հետո մարմնավաճությանը զարկ կտան բյուջեն լցնելու համար։ Սա խայտառակություն է, երբ այսօր թմրամիջոցները խեղդում են, ոչինչ չի ձեռնարկվում, անգամ վիճակագրությամբ ներկայացվող թվերով որևէ թմրանյութ վաճառող չի բռնվում, բռնվում են, այսպես ասած, պահողները, օգտագործողները։

Ասում է՝ այս մեկն էլ ու վերջ, բա իհարկե, արտադրական կանեփը թմրամիջոց է»,- նշեց Գագիկ Համբարձումյանը։

Նախկին փոխոստիկանապետի խոսքով՝ կանեփի թփերը ոչնչացնելու համար նախկինում ոստիկանությունը բազմաթիվ միջոցառումներ էր ձեռնարկում, նաև պաշտոնական հաղորդագրության ներկայացնում, թե որ շրջանում, որքան կանեփի թփեր էին ոչնչացվել, բայց հիմա հակառակը՝ արտադրում են։

«Դե, այսքանից հետո ի՞նչ ասեմ, զարկ են տալիս թմրամոլության զարգացմանը ու դրանով փող են գռփում։ Արտադրական կանեփը դրել են չգիտեմ ինչի անվան տակ, որ հետո դարձնեն թմրամիջոցի զարգացում, մեծ թվերով փողեր կգռփեն՝ թքած ունենալով, թե ժողովուրդը, հատկապես երիտասարդությունն ինչի կվերածվի։ Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան լացելու չլիներ։ Սա երկրի մասին մտածողի վարք չէ։ Ես միշտ ասել եմ, սրանց ամեն մի քայլ, գործողություն՝ կա՛մ բացահայտ, կա՛մ քողարկված, երկիրը տանում է կործանման»,- հավելեց նախկին պաշտոնյան։

Միաժամանակ նա ընդգծեց, որ օրենքի այս նախագիծը մեկնաբանելու համար պարտադիր չէ լինել իրավաբան, առհասարակ այն շատ տրիվիալ, պարզ ու հասարակ վիճակ է, որը երկիրը տանում է կործանման։

«Ինչպես ասում են՝ երկուսը մեկում են անում՝ երկիրը կործանեն, արանքում էլ փողեր ստանան»,- եզրափակեց Գագիկ Համբարձումյանը։

Տեսանյութեր

Լրահոս