Ո՞ր երեխաներն են ենթակա որդեգրման
Երեխաների որդեգրման համար պահանջվող պայմանների և դրանց հետ կապված դժվարությունների, փաստաթղթային և այլ բարդությունների մասին մարդիկ հաճախ են բարձրաձայնում: Այդպես մեզ հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց մի կին.
«Ես 45 տարեկան եմ, երբևէ չեմ ամուսնացել և ցանկանում եմ երեխա որդեգրել: Սակայն լսել եմ, որ սովորաբար ծնողը չի հրաժարվում առողջ երեխայից, ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ հանձնում է մանկատուն, հույսով, որ մի օր հետ է տանելու, ու եթե նույնիսկ չի էլ վերցնում երեխային, ապա նա որդեգրման ենթակա չի։ Հիմնականում որդեգրման ենթակա են լինում առողջական խնդիրներով կամ ֆիզիկական արատներով երեխաները»:
Խնդրին առնչվող մի շարք հարցերի պարզաբանումներ ստանալու համար 168.am-ը դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ են հաշվի առնում որդեգրման ժամանակ, և ճի՞շտ է, որ մանկատնից առողջ երեխաների չեն կարողանում որդեգրել, որովհետև ծնողը վաղ թե ուշ տանելու է, մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ երեխա որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիները նախ պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարանի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան) աշխատակազմին՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները. անձը հաստատող փաստաթուղթ, բնակարանային պայմանների մասին տեղեկանք` տրված բնակության վայրից, ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված բնակության վայրից, զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մասին տեղեկանք, անձի պատշաճ վարքագծի մասին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից, բժշկական փաստաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով, ամուսնության վկայականի պատճենը (եթե ամուսնացած է), երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարուց ավելի համատեղ չեն ապրում, և մյուս ամուսնու բնակության վայրն անհայտ է, ինչպես նաև տեղեկանք՝ որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին։
Վերոնշյալ փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական և անթերի լինելու, որդեգրումն արգելող` օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքերում, ինչպես նաև անձի կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա աշխատակազմը տալիս է դրական եզրակացություն, որն ուժի մեջ է այն տալու օրվանից 12 ամիս: Դիմումատուն դրական եզրակացության հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ։ Աշխատակազմը որդեգրել ցանկացող անձի անձնական գործի պատճենահանված օրինակը հաշվառման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է նախարարություն` կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով: Նախարարությունն աշխատակազմից ստացված անձնական գործի հիման վրա որդեգրել ցանկացող անձին վերցնում է կենտրոնացված հաշվառման և 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում աշխատակազմին ու որդեգրել ցանկացող անձին։
Եթե անձն ամուսնալուծված է, ապա դա ևս վկայող փաստաթուղթ պետք է ներկայացնի:
«Մեր հաստատություններում հիմնականում ապրում են հաշմանդամություն ունեցող երեխաներ, ունեն նաև առողջական խնդիրներ: Առանց ծնողական խնամքի մնացած այն երեխաները, որոնց որդեգրման վերաբերյալ ծնողը տվել է գրավոր համաձայնություն, կամ գրավոր եղանակով հրաժարվել է երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից, ապա այդ երեխաները համարվում են որդեգրման ենթակա: Այս գործընթացում հաշվի է առնվում նաև երեխայի կամքը՝ այսինքն, ուզո՞ւմ է, որ իրենց որդեգրեն, թե՞ ոչ»,- մանրամասնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ հայտնելով, որ կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրել ցանկացող անձիք որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով կարող են դիմել իրենց բնակության վայրի աշխատակազմ` ծանոթանալու որդեգրման ենթակա երեխաների ցանկին։