
Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը կայցելի Ռուսաստան

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան՝ Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը:
Նշվում է, որ այդ այցի շրջանակում Իրանի շուրջ իրավիճակը չի քննարկվի:
Քաբուլովը պարզաբանել է, որ Ալի Շամհանին կմասնակցի մի քանի երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարների մակարդակով անցկացվող՝ Աֆղանստանի վերաբերյալ ավանդական բազմակողմ հանդիպմանը:
Անդրադառնալով հարցին, թե այդ խորհրդակցությունների ընթացքում կքննարկվի՞ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Սպահանում ռազմական օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, որի համար Իրանը կասկածում է Իսրայելին, Քաբուլովը բացասական պատասխան է տվել:
«Որքան գիտեմ, օրակարգում նման բան չկա»,- ասել է նա: