Բաժիններ՝

ԱՄՆ-ի երկնքում է հայտնվել ենթադրյալ չինական լրտեսական օդապարիկ. Պենտագոն

ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի երկնքում հայտնվել է շատ մեծ չափերի մի օդապարիկ, որն, ըստ Վաշինգտոնի, լրտեսական է և պատկանում է Չինաստանին: Պենտագոնի խոսնակ, բրիգադիր գեներալ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն մի քանի օր է՝ հետևում են օդապարիկին, որը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

Ըստ Պենտագոնի խոսնակի՝ օդապարիկը կոմերցիոն օդանավերից ավելի մեծ բարձրության վրա է գտնվում և ռազմական կամ ֆիզիկական սպառնալիք չի ներկայացնում ցամաքում գտնվող մարդկանց համար:

Վկայակոչելով պաշտպանական ոլորտի մեկ այլ պաշտոնյայի՝ CNN-ը նշում է, որ իշխանությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ են տվել չխոցել օդապարիկը, քանի որ դրա բեկորները կարող են սպառնալիք ներկայացնել գետնին գտնվող մարդկանց անվտանգության համար:

«Մենք վստահ ենք, որ մեծ բարձրության վրա հսկողություն իրականացնող օդապարիկը պատկանում է Չինաստանին: Նման գործունեության դեպքեր են նկատվել վերջին մի քանի տարիների ընթացքում, այդ թվում՝ այս վարչակազմից առաջ», – ասել է պաշտոնյան։

Աղբյուրը նշել է, որ օդապարիկը թռչում է «մի քանի զգայուն օբյեկտների» վրայով, սակայն դրա կողմից հետախուզական տվյալների հավաքագրման ռիսկը մեծ չէ: Պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ Երկրի ցածր ուղեծրում գտնվող չինական լրտեսական արբանյակները կարող են ավելի լավ հետախուզական տվյալներ տրամադրել, ինչից հետևում է, որ Պեկինի համար տվյալ օդապարիկի արժեքը մեծ չէ:

Պաշտպանական ոլորտի մեկ այլ պաշտոնյա հայտնել է, որ օդապարիկը երեք ավտոբուսի չափի է:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են չինական լրտեսական ջանքերի մասին, իսկ օդապարիկի ներկայությունն ԱՄՆ-ում տեղի է ունենում «զգայուն պահի», երբ առաջիկա օրերին նախատեսվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Պեկին:

CNN-ը հիշեցնում է, որ Բայդենը Չինաստանը համարել է «ԱՄՆ-ի համար ամենալուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերը», և երկու համաշխարհային գերտերությունների միջև մրցակցությունը բավական լարված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս