«Օրենքի սահմաններում ընդունվել է ամենախելամիտ որոշումը». Վահան Քերոբյանը՝ «Մալաթիայի» շուկայի փակման մասին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Մալաթիայի» շուկայի փակմանն ու պարզաբանեց, թե այն, ինչ հրապարակվել է պաշտոնական հաղորդագրություններում, հենց այդ նպատակով էլ փակվում է։
«Գիտեք, որ վերջերս երկու ցավալի դեպք ունեցանք՝ «Սուրմալուի» և սահմանամերձ Ազատ գյուղի դեպքը, սրանք հիմք են և նաև մեր բոլորիս համար ահազանգ են հանդիսանում, որպեսզի մենք հետևենք ու ստանդարտների համապատասխանության ստուգումը ավելի խստացնենք։
Կարծում եմ՝ օրենքի սահմաններում ընդունվել է ամենախելամիտ որոշումը, և իսկապես, եթե դուք էլ լինեք այդ շուկայում, կտեսնեք, որ մարդկանց համար, ովքեր այնտեղ աշխատում են, ունեին վատ աշխատանքային պայմաններ։
Ինչ վերաբերում է այդ մարդկանց, ապա մոտակայքում կան առևտրի կենտրոններ, այնտեղ կարող են հանգիստ տեղ գտնել և շարունակել բիզնես գործունեությունը»,- շեշտեց Վահան Քերոբյանը։
Խոսակցություններ կան նաև «Գնունու» շուկան փակելու մասին, դրա մասին հարցին ի պատասխան՝ Վահան Քերոբյանն ասաց, որ պետք է բոլոր շուկաները ստուգվեն, և ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ՀՀ քաղաքացիները և մարդիկ, որոնք այդ տարածքում բիզնեսով են զբաղվում՝ ամբողջությամբ պաշտպանված լինեն։
«Տուգանքների, պատասխանատվության չափը պետք է փոխվի, որպեսզի մենք ի վերջո կարողանանք հասնել մարդկանց կյանքի որակի փոփոխությանը»,- շեշտեց էկոնոմիկայի նախարարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում