Բաժիններ՝

Տիգրանը չի թողել ծառայակից երկու վիրավոր ընկերներին, մինչև վերջ նրանց հետ է մնացել՝ հավատարիմ իր սկզբունքներին ու հայրենիքին

2022 թվականի սեպտեմբերի 12-ի գիշերն Ադրբեջանը հերթական անգամ ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ՝ հարձակվելով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ուղղությամբ։ Արդյունքում՝ հայկական կողմն ունեցավ 200-ից ավելի զոհ, անհետ կորածներ, գերեվարվածներ: Զոհեր եղան նաև խաղաղ բնակիչների շրջանում։

Սահմանին կանգնած հայ զինվորներն իրենց դիրքերում կանգնեցին մինչև վերջ, շատերը մարտիրոսվեցին՝ մեկ քայլ անգամ չնահանջելով։ Նրանցից մեկն էլ ժամկետային զինծառայող Տիգրան Մուսայելյանն էր, որ դիրքում մենակ չէր թողել երկու վիրավոր ծառայակից ընկերներին ու  զոհվել էր՝ հավատարիմ մնալով իր սկզբունքին՝ գերի չընկնել և չլքել մարտի դաշտում ընկերներին ու դիրքը։

Տիգրանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Արճիս գյուղից էր, ապագա թարգմանիչ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր  ԵՊՀ՝ անգլերենի բաժին, և անմիջապես մեկնել զինվորական ծառայության՝ նպատակ ունենալով վերադառնալուց հետո անմիջապես շարունակել կրթությունը։

19-ամյա Տիգրանը տան կրտսեր զավակն էր, ծառայությունը կավարտեր այս տարվա ամռանը։

168.am հետ զրույցում Տիգրանի եղբայրը՝ Սերոբ Մուսայելյանը, ասաց, որ Տիգրանի հետ վերջին անգամ խոսել է թշնամու հարձակումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 11-ին, իսկ սեպտեմբերի 12-ին արդեն Տիգրանն է զանգահարել մայրիկին։

«Տիգրանը շատ հայրենասեր էր, նվիրված։ Պատերազմից հետո իմացա, որ տարբերակ է եղել այդ տարածքից դուրս գալու, Տիգրանի դիրքից մեկ հոգի է ողջ մնացել, նա Տիգրանին ասել է, որ միասին թողնեն դիրքը, բայց Տիգրանը պատասխանել է, որ ծառայակից երկու ընկերները վիրավոր են, չի կարող նրանց թողնել։ Այս ամենը իմանալուց հետո, հասկացա, որ Տիգրանն այլ կերպ չէր վարվելու, այդպես էլ պետք է լիներ։ Ճիշտ է, Տիգրանին մեղադրում եմ, որ մնացել է, բայց ես էլ իր փոխարեն լինեի, կմնայի ծառայակից ընկերներիս հետ։ Դիրքից ողջ մնացած տղան էլ է վիրավոր եղել, ներքև իջնելուց տեսել է, որ Տիգրանը երկու վիրավոր ծառայակից ընկերներին քաշել է դեպի խրամատ, որպեսզի թշնամին նորից չկրակի, ու այդպես մինչև վերջ մնացել է»,- նշեց Սերոբ Մուսայելյանը։

Տիգրանը ծառայում էր Կապանում, դիրքի ավագն էր, ծառայության վերաբերյալ բոլոր հարցերի շուրջ խորհրդակցում էր եղբոր՝ Սերոբի հետ։

«Երբ Տիգրանը մեկնեց ծառայության, հայրիկս դեռ չէր մահացել, ծառայության մասին բոլոր հարցերով դիմում էր նրան, հայրիկի մահից հետո արդեն ինձանից էր խորհուրդներ հարցնում, օրինակ, հարցնում էր՝ պատերազմի ժամանակ ավելի լավ է  զոհվե՞լ, թե՞ գերի ընկնել։ Հայրս 1992 թվականին կամավոր է եղել, միշտ պատմում էր, որ այն ժամանակ, երբ հայերից գերի էին ընկնում, հավանականությունը շատ քիչ էր, որ ողջ կվերադառնային։ Հայրս ասում էր, որ միշտ  «լիմոնկա» էին պահում իրենց մոտ, որ հանկարծ գերի ընկելուց լինեին, միանգամից իրենց կյանքին վերջ տային։

Սեպտեմբերի 12-ին Տիգրանն իմացել է, որ կարող է պատերազմ սկսվել, այդ օրը մայրիկի հետ խոսելուց հիշեցրել է հայրիկի խոսքերն ու հարցրել՝ ի՞նչ է կարծում՝ ավելի լավ է զոհվե՞լ, թե՞ գերի ընկնել, հետո ինքն իրեն պատասխանել է, թե ավելի լավ է զոհվել։

Այդ օրը ինձ չի զանգել, իմանալով, որ զանգի՝ ես կգնամ դիրքեր՝ իր մոտ, իրեն կիջեցնեմ։ Ցանկացած կրիտիկական պահի ինձ էր զանգում, բայց այդ օրը չզանգեց…

Համարներով ճշտել եմ, թե Տիգրանը վերջին անգամ ում է զանգել, վերջին զանգերից մեկը եղել է կողքի դիրքի ավագներին, տեղեկացրել է, որ իրենց մոտ դիվերսիա է ներթափանցել, ուշադիր լինեն, անփորձանք լինեն»,- շեշտեց Սերոբ Մուսայելյանը։

Սեպտեմբերի 12-ի կեսգիշերից հետո  Սերոբն անընդհատ զանգահարել է Տիգրանին, սակայն անհասանելի է եղել, հաջորդ օրն առավոտյան կապ է հաստատել Տիգրանի ընկերների հետ, որոնք տեղեկացրել են, որ Տիգրանի դիրքն այլևս հայկական վերահսկողության տակ չէ։

«Այդքանն իմանալուց հետո դեռ հույս կար, թեպետ արդեն գիտակցում էի, որ Տիգրանը չկա, ինձ համար հեքիաթներ էին, թե իբր անտառում շատ զինվորներ կան, կհայտնվեն և այլն։ Սկսեցինք Տիգրանին փնտրել, գնացինք ԴՆԹ անալիզ հանձնեցինք, սեպտեմբերի 30-ին տեղեկացրեցին, որ Տիգրանի դին Մարտունու դիահերձարանում է, ես եմ գնացել ու ճանաչել եղբորս»,- պատմեց Սերոբ Մուսայելյանը։

Այսօր հայրենիքի արժեքը Տիգրանի ընտանիքի համար մի քանի անգամ ավելին է, քան նախկինում, քանի որ այդ հայրենիքի համար իրենց զավակը կյանքն է տվել։

«Հայրենիքն ինձ համար թանկ է, Աստված ոչ անի, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ պետք է գնամ հայրենիքի համար կռվելու, որքան էլ որ իրավունք չունեն ինձ տանելու, մեկ է՝ գնալու եմ։ Ես եղբայր եմ կորցրել, ու նրա արյան ամեն մի կաթիլն ինձ համար շատ թանկ է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Եղբոր հիշողության մեջ պահպանվել է նաև մեկ դրվագ՝ Տիգրանը շատ էր սիրում «Մերսեդես» մակնիշի մեքենաներ, հոր մահից հետո նրա մեքենան տվել են Տիգրանին, բայց Սերոբը որոշել է, որ Տիգրանի համար ավելի բարձր դասի «Մերսեդես» պետք է գնի, և այդպես էլ արել էր։  Մեքենան գնել ու սպասել էր ծառայությունից  Տիգրանի՝ վերադարձին։ Տիգրանն էլ գիտեր դրա մասին, բայց, ցավոք, չհասցրեց այն վարել…

Տեսանյութեր

Լրահոս