Հայաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը քննարկել են տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մամուլի համար հայտարարության ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության համար։
«Ինձ համար շատ հաճելի է այցելել Երևան և իմ անկեղծ շնորհակալությունն ու խորին երախտագիտություն եմ հայտնում այս ջերմ հյուրընկալության և ընդունելության համար, որը վայելում եմ բարեկամ Հայաստան ժամանելու ընթացքում»,- ընդգծեց Եգիպտոսի նախագահը։
Ալ-Սիսիի խոսքով՝ այս այցը արտացոլում է Եգիպտոսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Նա ընդգծեց, որ Եգիպտոսը շահագրգռված է զարգացնելու հայ-եգիտապական հարաբերությունները, որոնք պատմական խորը արմատներ ունեն։
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին բարձր գնահատեց եգիպտահայ համայնքի ներդրումը Եգիպտոսի ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն։
«Նրանց դերը լավագույն ազդեցությունն է ունեցել Եգիպտոսի հասարակական կյանքի հարստացման գործում»,- նշեց Եգիպտոսի նախագահը։
Ալ-Սիսին հայտնեց, որ առանձնազրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանի հետ քննարկում է ունեցել Եգիպտոսի կողմից գազի և էներգիայի արտահանման հարցերի շուրջ։
«Այս համատեքստում Եգիպտոսի անունից երախտագիտություն եմ հայտնում Նորին Գերազանցություն նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային նվիրված համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի Շարմ էլ Շեյխում, որն արտացոլում է Հայաստանի կողմից ուշադրությունը կլիմայի խնդրին»,- շետշեց Եգիպտոսի նախագահը։
Եգիպտոսի և Հայաստանի նախագահները քննարկել են նաև տնտեսական համագործակցության հարցերը՝ ընդգծելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի անհրաժեշտությունը։
Երկու նախագահները քննարկել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ լինի Մերձավոր Արևելքում, թե Հարավային Կովկասում։
«Ընդգծել եմ բանակցությունների և քրտնաջան աշխատանքի կարևորությունը համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար»,- եզրափակեց Եգիպտոսի նախագահը։