Բաժիններ՝

Մտահոգիչ է, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում են պետական մարմինները, որոնք, ըստ էության, տնտեսական գործունեություն չեն իրականացնում. Թադևոս Ավետիսյան

ՊԵԿ-ը հրապարակել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ հարկ են վճարել: Նկատենք՝ 2022 թվականին խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելին են, քան նախորդ տարիներին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը բնական է համարում ավելի շատ հարկերի վճարումը՝ այն պայմանավորելով երկնիշ տնտեսական աճով:

«Եթե նայենք աճի հիմնական ուղղություններին, ապա դրանք անմիջապես կապված են հենց ՌԴ հետ. ՌԴ-ից մեծածավալ դրամական հոսքերի, այցելուների աճ, նաև աճել է վերարտահանումը, իսկ հիմնական ուղղությունը նորից ՌԴ-ն է եղել (այսինքն՝ մենք ներկրել ենք երրորդ երկրներից, բայց ոչ թե մեր ներքին պահանջարկի համար, այլ ՌԴ վերարտահանելու):

Կարճ ասած, 1000 հարկատուների վճարած հարկերի աճը բնական է, որովհետև ընդհանրապես հարկային մուտքերն են ավելացել, իսկ այդ աճի հիմնական պատճառը փաստացի տնտեսական բարձր ակտիվությունն ու աճն է 2022 թվականին: Վերջինի վրա ազդող հիմնական գործոնը ռուս-ուկրաինական հակամարտությունն է, որտեղից Հայաստանը փաստացի հնարավորություն է ստացել առաջանցիկ աճ ունենալու:

Կարդացեք նաև

Մտահոգիչն այն է, որ այդ խոշոր հարկատուների ցանկում առաջին տեղերում գտնվում են նաև պետական մարմինները, որոնք, ըստ էության, տնտեսական գործունեություն չեն իրականացնում (օրինակ, ՀՀ ոստիկանությունը)»,- պարզաբանեց Թադևոս Ավետիսյանը:

Այս համատեքստում տնտեսագետը նկատեց, որ տնտեսության դիվերսիֆիկացիայի, կառուցվածքի փոփոխության համար պետք է ներդրումների ներգրավմանն ուղղված քաղաքականություն լինի:

«Բայց ինչքան էլ այս իշխանությունները գովերգում և ներկայացնում են պետական աջակցությամբ ինչ-ինչ ներդրումային ծրագրեր, մենք ունենք գլոբալ խնդիր՝ անվտանգային խնդիրը, որն անհամեմատ բացասական ազդեցություն ունի: Իսկ այս աշխարհաքաղաքական խորացող սպառնալիքների պարագայում երկարաժամկետ ներդրումներ և ներդրումների կայուն աճ սպասելը պոպուլիզմ կարող է լինել»,- հավելեց ԱԺ պատգամավորը:

 

Տեսանյութեր

Լրահոս