«Փաշինյանը չի էլ թաքցնում՝ փորձում է ձերբազատվել արցախյան հիմնախնդրից». Աննա Կարապետյան
«Ինչպես Ադրբեջանը պատկերացնում է հարցերի կարգավորումն իր ցանկացած մարզի, նահանգի հետ, նույնկերպ ցանկանում է երկխոսել նաև Արցախի հետ: Այսինքն՝ երբ Ադրբեջանն ասում է՝ եկեք տարանջատենք այս հարցերը, և ես Արցախի հետ առանձին բանակցեմ, այստեղ խոսքը միջազգային միջնորդությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների մասին չէ, այլ՝ արցախյան հակամարտության փակված լինելը լեգիտիմացնելու, Արցախի հետ՝ որպես սեփական տարածքի, ինչ-որ երկխոսություն վարելու մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Հայաստանի իշխանությունն արդեն չի էլ թաքցնում, և Փաշինյանի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններն ակնհայտ ցույց են տալիս, որ չնայած նրան, որ միջանցքը փակ է, Փաշինյանը պատրաստակամ է շարունակել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ և գնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, իսկ Արցախն ինքը պետք է իր հարցերը կարգավորի: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունն ընդհանրապես փորձում է ձերբազատվել արցախյան հիմնախնդրից»,- ասաց նա:
Այս համատեքստում Աննա Կարապետյանը չի բացառում՝ Հայաստանի ԱԳ նախարարի Մոսկվա չգնալն ու այնտեղ բանակցություններ չվարելը, առաջին հերթին, հենց ռուսական միջնորդությամբ գործընթացը չզարգացնելու նպատակներ է հետապնդում. «Մի կողմից՝ դա Լաչինի միջանցքի փակվելուց անմիջապես հետո էր, և փորձ արվեց ներկայացնել՝ որպես դեմարշ, գուցե առաջին փուլում դա ինչ-որ դեմարշ էր, սակայն քայլեր չձեռնարկեցին, որ դա կապիտալիզացվի: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ հենց ռուսական միջնորդությամբ գործընթացի ակտիվացման չգնալու խնդիր էր հետապնդում: Իսկ այսօր Փաշինյանի նույն հայտարարությունները՝ պատրաստակամության վերաբերյալ, զուգակցվում են Արևմուտքի ակտիվացման հետ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում