«Վաղը ժամը 9։30 հրավիրել են ՔԿ՝ բարձրաստիճան ոստիկանների հետ առերեսման»․ Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողներ

2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի մուտքը սրբավայր թույլ չտալու նպատակով մուտքի մոտ հավաքված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների  նկատմամբ  ոստիկանները բռնություն կիրառեցին, ու  հիմա նրանց արդեն որերորդ անգամ հրավիրել են Քննչական կոմիտե։

168.am-ը զոհված զինծառայողների ծնողներից հետաքրքրվեց, թե այս անգամ ինչո՞ւ են հրավիրվել ՔԿ:

Հիշեցնենք, որ դեռ  այս տարի հունվարի 20-ին նրանք հայտարարել էին, որ գնալու են Քննչական կոմիտե և հանդիպում պահանջեն ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ․

«Մեզ զանգահարել և 9։30 հրավիրել են Քննչական կոմիտե, ասացին՝ բարձրաստիճան ոստիկանների հետ առերեսման։ Ճիշտ է, այս պահի դրությամբ ոչ բոլոր ծնողներին են հրավիրել, բայց մենք բոլորով գնալու ենք։ Կոչ ենք անում նաև բոլոր հայերին վաղը 9։30 հավաքվել Քննչական կոմիտեի շենքի մոտ և սատարել պատերազմում զոհված տղաների ծնողներին»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեն։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ պատճառելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։

Ծնողները մի քանի անգամ արդեն ակցիաներ են իրականացրել Քննչական կոմիտեի շենքի մոտ, պահանջել, որպեսզի իրենց նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն։

Նրանց խոսքով՝ 2023 թվականի հունվարի 20-ի դրությամբ ընդամենը 4 ոստիկան է առերեսվել, նրանք ընդունել են իրենց մեղքը, սակայն մինչ այս պահը  պատասխանատվության չեն ենթարկվել։

Տեսանյութեր

Լրահոս