Եվրատեսիլի համար մսխված 12.3 միլիոն դոլարով կարելի էր նույնիսկ ամենաժամանակակից մեկ գումարտակ զինել. Կարեն Վրթանեսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:
Զրույցի ընթացքում նա նշել է.
- Թշնամու շահերը սպասարկող օկուպացիոն վարչակարգը բեմադրած արհեստական դեդեկտիվ սերիալներով, սկանդալներով զբաղեցնում է հանրությանը՝ կարևոր հարցերի պատասխանները չտալու համար: Նրանք շեղում են հանրության ուշադրությունը:
- Վարչապետի աթոռից պինդ կառչած մարդն առանց հետաքննության, առանց ծառայողական քննության միանգամից որոշում է մեղավորներին, գլխատում 2-րդ բանակային կորպուսը…
- Ինֆորմացիոն վակուումի պայմաններում հանրությանը զբաղեցնելու համար հակասական և իրարամերժ վարկածներով են դաշտը լցնում. սա գործելաոճ է:
- 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո առ այսօր զինվորականները շարունակում են ապրել Ազատ գյուղի զորանոցի նման պայմաններում նաև այլ գյուղերում, և այդ հարցն ընդհանրապես չի բարձրաձայնվում, այն դեպքում, երբ հսկայական գումար է ծախսվում «պադավատների» վրա: Մամուլը գրեց, որ հրդեհի հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը 15 ավտոմեքենա է ձեռք բերել, որի պայմանագիրը կնքել է հունվարի 20-ին: Այդ 15 պադավատ-մեքենան պետական բյուջեի վրա արժեցել է 198 մլն դրամ կամ մոտ 489 հազար ԱՄՆ դոլար:
- Աղմուկի այս ֆոնին ինֆորմացիան է կորել, ո՞ւր է անվտանգության համակարգը:
- Հասարակությունը սերիալ դիտող է դարձել ու մոռացել է ողբերգության մարդկային կողմը, և դա վերևից՝ իշխանությունների կողմից հրահրվող գիծ է:
- Մեզ ամեն կերպ փորձում են մասնատել ու ջլատել՝ ամեն օր տարբեր մեղավորների կարգելով: Բացի Նիկոլ Փաշինյանից ու Սուրեն Պապիկյանից, բոլորին մեղավոր են նշանակում, հայերիս ԴՆԹ–ի մեջ են մեղքեր փնտրում…
- Օկուպացիոն վարչակարգը խրախուսում է, որ լինենք վախկոտ, մեղավորներ են կարգում բոլորին, բացի իրենցից:
- Հրդեհի դեպքը առաջինը չէ, եղել են էլի նման դեպքեր, քաոսային, անպատրաստ իրավիճակ, խախտումներ, դրանց մասին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չգիտե՞ր: Պարզ է, չէ՞, որ զինվորները գյուղի այդ տուն ինքնագլուխ չէին գնացել… Նույն տիպի տարածքներ կան նաև այլ գյուղերում, որտեղ զինվորներ են ապրում՝ չունենալով նորմալ պայմաններ: Եթե Պաշտպանության նախարարն ասում է՝ ես չգիտեմ, ուրեմն անմիջապես պետք է հրաժարական տա, որովհետև տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր ղեկավարած գերատեսչությունում: Հիմնարկից անտեղյակ ղեկավար Սուրեն Պապիկյանն ինչպե՞ս կարող է ղեկավար լինել:
- Սրանք արդեն դժբախտ պատահարներ չեն՝ օրինաչափություններ են մեր կյանքում…
- 1992 թվականին մեր բանակը կարգապահության առումով շատ ավելի հզոր էր, քան այն, ինչ հիմա ունենք: Սահմանամերձ բնակիչներից մեկի հետ էի խոսում, պարզվեց, որ պետական հիմնարկից են գերան գնում, որ դիրքերն ամրացնեն: Մենք վերադարձել ենք 1989-90 թվականների վիճակին:
- 2018 թվականին սրանք բանակում ելակի, մայկա–տրուսիկի հարցեր էին լուծում, խնդիրը ոչ միայն չլուծեցին, այլ վատացրեցին: Խնդիրը լուծելու մասին հայտարարություններ արեցին, իսկ ով փորձում էր լուծել՝ արգելքներ էին ստեղծում:
- Սրանք արդեն բանակը, պետական համակարգը քայքայելու համար նպատակաուղղված քայլեր են, և ոչ թե՝ չհասկանալու հետևանքով կատարված սխալներ:
- Հայաստանի ինքնիշխանությանն այնքան վնաս, որքան տվել է Նիկոլ Փաշինյանը, ոչ ոք չի տվել: Բանակ չունենալն ինքնիշխանությունից հրաժարում է նշանակում:
- Հայաստանը երբևէ այսքան կորուստ, զոհեր չի ունեցել բանակում, որքան Նիկոլ Փաշինյանի կառավարման այս 4,5 տարիներին:
- 5 ամիս Գլխավոր շտաբի պետ չունեինք, 11 ամիս բանակը հետախուզության պետ չուներ, 11 ամիս հետախուզությունը դրված էր պաուզայի վրա, այսօր նշանակեցին, դրանից ի՞նչ է մնացել, մարդիկ են դուրս եկել, ծրագրեր են ձախողվել: Նույն վիճակն է ԱԱԾ–ում և ընդհանրապես ամբողջ պետական համակարգում…
- Որքա՞ն զորամասեր կկառուցեին Եվրատեսիլին տրված 12.3 միլիոն դոլարով, բանակում որքա՞ն աշխատանքներ կտանեին, որ մսխեցին: Կարելի էր ամենաժամանակակից մեկ գումարտակ զինել, վարժեցնել 1.5-2 տարվա ընթացքում…
- 2018 թվականից պետությունն անընդհատ պաուզաների մեջ է. սեպտեմբերին՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններ, հոկտեմբերին՝ ԱԺ գրավում, դեկտեմբերին՝ ԱԺ արտահերթ ընտրություններ, որից հետո 40 օր չէր հրապարակվում նոր Կառավարության կազմը, դրանից 2019-ին՝ քովիդ, 2020-ին՝ պատերազմ, պատերազմից հետո՝ նորից պաուզա, հետո 2021-ին՝ նորից արտահերթ ընտրություններ: Այսինքն,5 տարի՝ երկրում անդադար ցնցումներ ու պաուզաներ, իսկ դա քանդում է պետական համակարգը:
- Մարդիկ տարրական խնդիրներ չեն կարողանում լուծել, հիվանդին մի բժշկից մեկ այլ բժշկին են փոխանցում, որովհետև վախենում են պատասխանատվություն վերցնել…
- Ինքնիշխանության կորուստը հենց թալան է, թալան է, որ երկրից բարձունքներ, զորամասեր են տալիս թշնամուն, էլ ո՞նց է լինում ինքնիշխանության հանձնումը:
- Աղավնոյում մարդկանց տներն Ադրբեջանը զորամասեր դարձրեց… Նիկոլ Փաշինյանը գումար է խնայում, մեր բանակի վրա չի ծախսում, որ հետո ադրբեջանական բանակին նվիրի:
- Մեկ գեներալ պատրաստելու համար պետությունը ծախսում է 10 մլն դոլար և որոշակի ժամանակ: Գեներալը այֆոն չի, որ գնաս խանութում առնես…
- Նիկոլ Փաշինյանն այսօր բռնապետություն է կառուցել Հայաստանում, իսկ սա բավարար հիմք է ընդդիմության համար նաև դրսում դաշնակից գտնելու: Ընդդիմությունը պետք է աշխատի թե՛ ներսում, թե՛ դրսում: