Բաժիններ՝

Գյուղատնտեսական գիտությունների գծով 2 տարի է` պաշտպանություն չի գրանցվում. մասնագետն անհանգստացնող միտում է նկատում

Բարձրագույն որակավորման կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականին հաստատվել է 166 թեկնածուական: Այս ցուցանիշը նախորդ 2 տարիների ցուցանիշներից մի փոքր ավելին է: 2021-ին հաստատվել էր 159 թեկնածուական, 2020-ին՝ 147: Այսինքն՝ պաշտպանությունների գծով փոքր-ինչ ակտիվություն կա: Չնայած որոշակի ակտիվությանը՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի կարծիքով ունեցած ցուցանիշը շատ քիչ է և այն չի գոհացնում:

«Տարիներ առաջ մենք տարվա կտրվածքով ունեցել ենք 500-ից ավելի հաստատված թեկնածուական: Իհարկե, չի բացառվում, որ այդ ցուցանիշը ուռճացված լինի, մեր գիտական պոտենցիալին համապատասխան չէ, սակայն այս 166-ն էլ մտահոգիչ է: Մենք գիտության ոլորտում սերնդափոխության հարցերը նման փոքր թվով թեկնածուականների հաստատման արդյունքում չենք կարող ապահովել: Շատ կարևոր է թեկնածուական կրթությունը գրավիչ դարձնելը »,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կարեն Քեռյանը:

Թեկնածուականների առնչությամբ 2022 թվականի առանձնահատկությունն այն է, որ այս անգամ պաշտպանությունները գրեթե հավասարապես բաշխվել են բնական և հումանիտար թևերում: Սովորաբար, հումանիտար թևում 20-30 տոկոսով ավելի թեկնածուական պաշտպանություններ են լինում:

2022 թվականին բնական գիտությունների թևում ամենից շատ թեկնածուական պաշտպանություններ եղել են մաթեմատիկական, տեխնիկական կենսաբանական գիտությունների գծով: Հումանիտար թևում ամենաշատ պաշտպանությունները եղել են տնտեսագիտական, բանասիրական, իրավական գիտությունների գծով:

Կան ոլորտներ, որտեղ բավական պասիվություն է, նույնիսկ զրո ցուցանիշ է գրանցվել: Դրանք են՝ գյուղատնտեսական, անասնաբուժական, դեղագործական, փիլիսոփայական, սոցիալական գիտությունները: Կարեն Քեռյանը նկատեց, որ գյուղատնտեսական ուղղվածությամբ ոչ վաղ անցյալում տարեկան 20 հաստատված թեկնածուական է եղել: Չնայած դրան՝ արդեն երկրորդ տարին է գյուղատնտեսական գիտությունների ուղղվածությամբ պաշտպանություն չի գրանցվում:

«Սա բավական անհանգստացնող պատկեր է: Եթե այսպես շարունակվի, ապա ունենալու ենք մասնագիտական լուրջ խնդիր: Կանգնելու ենք ցածր որակավորմամբ մասնագիտական խնդրի առաջ: Անհրաժեշտ է հասկանալ, թե որ ոլորտները պետք է վերցնել պետական հոգածության ներքո: Դա պետք է լինի բազմաշերտ, միայն ֆինանսավորումը բավարար չէ: Անհրաժեշտ է տարբեր մեխանիզմներ ներդնել ոլորտը գրավիչ դարձնելու համար»,-ասաց Կարեն Քեռյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս