ԲՏԱ նախարարը խոսել է ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների հետ աշխատանքի մասին
Ռազմարդյունաբերության կոմիտեն ոլորտային ընկերությունների հետ աշխատում է ամենօրյա ռեժիմում։ Ոլորտում առկա ցանկացած խնդրի մասին նախարարությունը հնարավորինս արագ արձագանքում է ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
«Եթե կա ոլորտային որևէ ընկերություն, որն ունի խնդիրներ, ապա կխնդրեմ դիմել ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտե՝ համապարփակ լուծումներ գտնելու համար։ Խնդրանքս ուղղված է հատկապես այն ընկերություններին, որոնք նորաստեղծ են և դեռ ամբողջական պատկերացում չունեն ոլորտը համակարգող մարմնի գործունեության մասին:
Խաչատրյանը նշեց՝ ռազմական նշանակության մշակումները, որը սկսում է գաղափարից և ավարտվում իրագործումով, իրենից ներկայացնում է բարդ գործընթաց: Սա այն ուղին է, որով պետք է պատրաստ լինի անցնել յուրաքանչյուր ընկերություն: Ըստ Նախարարի՝ իրենք սերտ աշխատում են Պաշտպանության նախարարության հետ և փորձում են գործընթացները դարձնել պարզ և իրականանալի:
Նախարարն անդրադարձավ նաև ռազմարդյունաբերության ոլորտում մեր ձեռքբերումները արտացոլող «Արմհայթեք» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որի շնորհիվ 2 տարին մեկ ամփոփում և հանրությանը ներկայացնում են, թե ինչ ձեռքբերումներ կան։
«Ցուցահանդեսային երեք օրերի ընթացքում շուրջ 48 տաղավարներում ավելի քան 50 ընկերություններ 24 թեմատիկ բաժիններով ներկայացրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Միջոցառման շրջանակում Հայաստան էին ժամանել պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից, Իրաքից և Իրաքյան Քուրդիստանից: Ցուցահանդեսին ներկա էին գերատեսչությունների ղեկավարներ, պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ և այցելուներ»,- նշեց Խաչատրյանը։
«ԱրմՀայԹեք 2022»-ի շրջանակներում ապրիլի 1-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին (ՌՏՀՄՀ) կից գործարար խորհրդի նիստը: