Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձն օրակարգում չէ. Բլինքեն
Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը ներկայում Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների սեղանին չէ։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում:
«Ինչ վերաբերում է ԳՀՀԾ-ին (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), ապա իրանցիները շատ ամիսներ առաջ «սպանեցին» այս համաձայնագրին արագ վերադառնալու հնարավորությունը: Հնարավորություն կար, որը նրանք մերժեցին, հնարավորություն, որը հավանության էր արժանացել ներգրավված բոլոր կողմերի՝ եվրոպացիների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից:
Այնպես որ ԳՀՀԾ-ն, որպես գործնական հարց, երկար ամիսներ օրակարգում չի գտնվում: Դա մեր ուշադրության կենտրոնում չէ», – ասել Է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ մեկնաբանելով ԳՀՀԾ-ին վերադառնալու հեռանկարների մասին հարցը: «Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մենք կենտրոնանում ենք Իրանի գործողությունների վրա Ռուսաստանին զենքի մատակարարումների առումով՝ Ուկրաինայում անմեղ մարդկանց և էներգետիկ ցանցի դեմ կիրառելու համար:
Եվ, իհարկե, մենք ուշադրությունը կենտրոնացնում ենք տարածաշրջանում նրա մյուս ապակայունացնող գործողությունների վրա», – ասել է պետքարտուղարը։ Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է նաև «նախագահ Բայդենի հանձնառությունը՝ թույլ չտալու, որ Իրանում երբևիցե միջուկային զենք հայտնվի»։
«Մենք շարունակում ենք համարել, որ դրան հասնելու ամենաարդյունավետ միջոցը դիվանագիտությունն է», – նշել է ԱՄՆ սարտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Բլինքենը նաև խոստովանել Է նա, ԱՄՆ-ի համար «սարսափելի սխալ էր չեղյալ հայտարարել այդ համաձայնագիրը» և դուրս գալ ԳՀՀԾ-ից։ «Այժմ մենք գործ ունենք հետևանքների հետ: Հետևանքներ, որոնց թվում է Իրանի շատ զգալի առաջընթացն իր միջուկային ծրագրի իրականացման գործում: Սա լրացուցիչ մարտահրավեր է` ի լրումն մյուս գործողությունների, որոնք Իրանը ձեռնարկում է: Սակայն, ինչպես ասացի, ԳՀՀԾ-ն ներկայումս (բանակցությունների) սեղանին չէ», – հավելել է Բլինքենը։
ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ միջուկային համաձայնագիրը ստորագրել Էին 2015 թ.-ին՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թ.-ին ԱՄՆ-ի նախորդ նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ վերադառնալու Թեհրանի հետ միջուկային գործարքին:
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ Վիեննայում բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ: