ԵՄ-ի «փափուկ բարձը» Հայաստանին ու հայ ժողովրդին․ ի՞նչ է նախապատրաստում Բրյուսելը Երևանում
Դատելով վերջին օրերին մամուլում և տելեգրամյան ռուսական հարթակներում տարածվող տեղեկություններից՝ Եվրոպական միությունը Հայաստանում պատրաստվում է երկարատև ու մասշտաբային քաղաքացիական առաքելության։ Ըստ տարածվող և դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, չնայած նախորդ առաքելությունը՝ բաղկացած 40 քաղաքացիական դիտորդից, տեղակայվեց 2 ամիս ժամկետով ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման թիրախում հայտնված Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց ձորում, այս անգամ դիտորդները էականորեն շատ են լինելու՝ մի քանի հարյուր հոգի, և տեղակայվելու են շատ ավելի երկար ժամկետով ՀՀ ողջ տարածքում։ Այս մասին այսօր գրել էր «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ այս մասին որոշ տեղեկություններ էին հայտնվել նաև ռուսական և ադրբեջանական տելեգրամյան հարթակներում։
Ըստ այդ տեղեկությունների, նոր առաքելության կազմում կարող են լինել 300-400 դիտորդներ եվրոպական երկրների հատուկ ծառայություններից։ Հաղորդվել էր նաև, որ առաքելությունը ղեկավարում է ֆրանսիացի դիվանագետ Չարլզ Ֆրայսը՝ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի տեղակալը։
Հիշեցնենք, որ քաղաքական խորհրդակցությունների նպատակով Չարլզ Ֆրայսը դեկտեմբերի 16-ին Երևան էր ժամանել և հանդիպումներ ունեցել ՀՀ Կառավարության անդամների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր, դրանց թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, EUMCAP-ի առաքելության ներդրումը, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը։
Դեկտեմբերի 19-ին՝ երկամսյա առաքելության ժամկետի ավարտի օրը, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելն ըստ էության ակնարկել էր, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար։
«Եվրոպացի փորձագետների տեղակայումը արդյունավետ էր և նպաստեց վստահության ամրապնդմանն անկայուն իրավիճակում»,- հայտարարել էր Բորելը, հավելելով՝ հենց այդ հիմքով Եվրամիության խորհուրդը՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։ Բորելը նշել էր՝ ակնկալվում է, որ անցումային այս թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։
Հունվարի 9-ին էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, խումբը Հայաստան էր գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: «Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին:
Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։ Քննարկվել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասված էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Նշենք նաև, որ չնայած առաքելությունը պետք է տեղակայվի ՀՀ տարածքում, Ադրբեջանի նախագահը դրան դեմ է։ Ալիևը, որը Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպմանը չէր համաձայնել, որ առաքելություն տեղակայվի Ադրբեջանի տարածքում, սակայն դեմ չէր եղել, որ դիտորդներ տեղակայվեն ՀՀ տարածքում, այսօր թե հրապարակային, թե ադրբեջանական մամուլի միջոցով թիրախավորում է ԵՄ այս նախաձեռնությունը, հատկապես մեղադրելով Ֆրանսիային։
Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին մեզ հետ զրույցում նշեց, որ եթե այն, ինչ տարածվում է մամուլում՝ ճիշտ է, ապա դա առանցքային քայլ է Եվրոպական միության կողմից Հարավային Կովկասում և հատկապես՝ Հայաստանում։
Ըստ նրա, ԵՄ-ն ռեգիոնում տասնամյակներ շարունակ ունեցել է քաղաքական, տնտեսական, ներդրումային ակտիվություն և Ռուսաստանի հետ մրցակցության հարցում չի հաջողել, քանի որ պատրաստ չի եղել իր ներդրումն ունենալ անվտանգային հարցերում։ Քաղաքացիական առաքելությունը, վերլուծաբանի կարծիքով, ենթադրում է անզեն առաքելություն, սակայն նույնիսկ քաղաքացիական առաքելության ներկայությունը կարող է ունենալ անվտանգային ազդեցություն։
«Մենք նկատեցինք, որ այն շրջանում, երբ այդ առաքելությունը տեղակայվեց, չեղան էական բախումներ կողմերի միջև, սակայն առաջացավ խնդիր մի տեղում, որը դիտորդների վերահսկողությունից դուրս է և ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։ ԵՄ-ն հասկանում է, որ Ռուսաստան-Արևմուտք պատերազմի ֆոնին հնարավոր չէ Ռուսաստանի ազդեցությունն ինչ-որ տեղ կրճատել նախկին մեթոդներով, դրանք ցույց են տվել իրենց անարդյունավետությունը։ Մի ռեգիոնում, որն ունի լրջագույն անվտանգային խնդիրներ, հնարավոր չէ միայն բարեփոխումների օրակարգ առաջ մղել և պետք է ավելի գործուն քայլերի անցնել։ Մենք՝ փորձագետներս, տարիներ շարունակ այդ մասին խոսել ենք, նշել, որ ամենակարևորն անվտանգությունն է։ Բարդ է ասել՝ արդյոք ավելիի պատրաստ կլինի՞ ԵՄ-ն, քանի որ արդեն իսկ նման քայլն աննախադեպ է ԵՄ-ի դեպքում»,- ասաց նա։
Իր հերթին՝ ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար ԵՄ այս որոշումը մեծ անակնկալ չէր, դատելով այն հռետորաբանությունից ու այն քաղաքական գծից, որը հատկապես վերջին շրջանում ակտիվորեն որդեգրել են ՀՀ իշխանությունները, լիովին կողմնորոշվելով դեպի Արևմուտք և հրաժարվելով ՌԴ-ի հետ դաշնակցությունից ու ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ զորավարժություններից։
Ըստ նրա, հարցն այն է, որ այն անվտանգային խնդիրները, որոնք այսօր ունի Հայաստանը և որոնց պատճառով դժգոհում է Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, ԵՄ քաղաքացիական առաքելությունը չի լուծելու։ Ավելին՝ այն ժամանակի ընթացքում էլ ավելի չի լրջանալու, պարզապես սա այս անցումային փուլի համար արվող քայլ է, «փափուկ բարձ» հայ ժողովրդի համար։
Վերլուծաբանի կարծիքով՝ հեռանկարն այն է, որ այս զարգացումների տրամաբանությամբ շարժվելու դեպքում ՀՀ-ն կկորցնի Ղարաբաղը, իսկ ռեգիոնում ավելի կամրապնդվեն Թուրքիան ու Արդբեջանը, և ԵՄ-ն ոչինչ մտադիր չէ անել այդ մասով ու հատկապես անվտանգության ոլորտում։
«Գլխավոր հարցը, որպեսզի չլինի Ռուսաստանը՝ խաղաղապահները Ղարաբաղում, ռազմաբազան ու ՀԱՊԿ-ը՝ Հայաստանում։ Մնացածը ԵՄ-ն թողնելու է իր ռեգիոնալ խաղացողներին, մասնավորապես՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Եթե ՀՀ-ում դեռ ինչ-որ մարդկանց մոտ կան պատրանքներ, որ Արևմուտքից լինելու են անվտանգային ավելի ամուր երաշխիքներ Հայաստանին, քան Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, խորապես սխալվում են։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանի պարտավորություններին, այդ մասին այնքան է խոսվել, բայց այսքան քննադատություններից ու այս հայտարարություններից հետո հարց է ծագում, թե ՀՀ-ն երբևէ ի՞նչ քաղաքական աջակցություն է ցույց տվել Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին։ Չէ՞ որ Ռուսաստանն էլ այսօր մեծ խնդիրներ ունի»,- նշեց վերլուծաբանը։