Զորավարժությունները ՀՀ-ում անցկացնելու ՀԱՊԿ որոշումն ունեցել է քաղաքական հիմք. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախի երաշխավորը լինել և դրա մասին ՀՀ իշխանությունը շատ պարզ է խոսում։
«Սա վերլուծությունների կամ դիտարկումների տիրույթի հարց չէ, Հայաստանի իշխանությունը ոչ միայն դրա մասին պարզ հնչեցնում է, այլ իշխող ուժի տարբեր պատգամավորներ, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներ շատ ավելի ծայրահեղ որակումներով են դա ներկայացնում, մասնավորապես, իշխող ուժի պատգամավորներից մեկը հայտարարում է, որ իրենք նույնիսկ Հայաստանը չեն կարողանում պաշտպանել, և այդ դեպքում իրենց որևէ պահանջ չպետք է լինի Արցախը պաշտպանելու։ Երկրորդը հայտարարում է, որ այս պահին Հայաստանը պաշտպանության կարիք ունի և այլն, նման որևէ պահանջ չպետք է լինի Արցախը պաշտպանելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը վտանգ է ներկայացնում հենց Հայաստանի համար, Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ եթե առաջնորդվեն այդ մոտեցմամբ, ապա Հայաստանի Զինված ուժերը ևս որևէ զորավարժություն, մարտունակության բարձրացում չպետք է անեն։
«Ի վերջո, երբ խոսում ենք ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի մասին, ապա պետք է նկատել, որ զորավարժությունների անցկացումը ինչպես այդ ֆորմատում, այնպես էլ առհասարակ, ուղղված է ԶՈՒ-ի մարտունակության բարձրացմանը։ ՀԱՊԿ ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլև դրա կազմում եղած զորքերի ներդաշնակեցմանը։
Կարծում եմ՝ Ռուսաստանի քայլը և առհասարակ ՀԱՊԿ որոշումը՝ զորավարժություններն այս տարի ՀՀ-ում անցկացնելու վերաբերյալ, ունեցել են քաղաքական հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հայաստանի իշխանության որոշումն ինձ համար ընկալելի չէ»,- շեշտեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում