Արցախում կա կոնսենսուս՝ ՀՀ-ի որդեգրած քաղաքականությունը հակասում է Արցախի մոտեցումներին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Արցախում ավելի շատ են այն ուժերը, որոնք փորձում են չեզոքացնել վտանգավոր դինամիկան։
«Փաստացի, Արցախն այս պահին որդեգրել է մի կուրս, որը վերջին ժամանակներս չի արտահայտվել միայն պետնախարարի հայտարարությամբ, Արցախի քաղաքական ուժերն այս առիթով ևս հայտարարություն տարածել են։ Կարելի է ասել, որ ըստ էության Արցախում կոնսենսուս կա առ այն, որ Հայաստանի՝ Արցախի հարցով որդեգրած քաղաքականությունը հակասում է Արցախի, արցախյան շարժման, ազատագրական պայքարի հիմքում եղած մոտեցումներին։ Արցախն այս փուլում ունի խնդրի հանգուցալուծման և առհասարակ գործունեության շարունակելիության սեփական մոտեցումը, որն էականորեն տարբերվում է Հայաստանի պաշտոնական մոտեցումից»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ Տիգրան Աբրահամյանի, ակնհայտ է, որ կարևորագույն հարցերի հետ կապված արցախյան և Հայաստանի իշխանությունները ունեն հակասություններ, սակայն որոշակի ուղղություններով, հատկապես սոցիալական, տնտեսական ուղղություններով, բնականաբար, որոշակի մակարդակի վրա հարաբերություններն ընթանում են։
«Կան սկզբունքային հարցեր, որոնք ազդում են Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա, նաև մարդկային հարաբերությունների վրա, այդ թվում՝ աշխատանքային։ Չի բացառվում, որ դա որոշակի ազդեցություն ունենա նաև այդ ծրագրերի վրա։ Բայց կարծում եմ՝ այս պահին պարզապես նպատակահարմար չէ այդ մասին խոսելը»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում