«Հնարավո՛ր չէ՝ սահմանից այն կողմ կատու լինել, սահմանից այս կողմ՝ տղամարդ ձևանալ». Կարեն Բեքարյանի երևանյան գրքի շնորհանդեսը

«Ճոճանակ» գրքի երևանյան շնորհանդեսի ժամանակ հեղինակը՝ վերլուծաբան Կարեն Բեքարյանը, անդրադառնալով գրքի բովանդակությանն ու համատեքստին, նկատեց, որ  այսօր ամենախոցելի կետերից է համարում այն, երբ «օդից»  եկած ինչ-որ մեկը կարող է հարվածի տակ դնել ողջ արժեքային համակարգը, ֆունդամենտը, որի վրա կառուցվել է նորանկախ Հայաստանը՝ իր թերություններով ու խնդիրներով. այնպիսի ական դնել, որ այդ պայթյունից անապատ ստացվի:

Հիշեցնենք՝ գրքում Արցախյան հակամարտության ժամանակագրությունն է 1988 թվականից մինչև 2022 թվականի նոյեմբեր:

«Մենք մտանք այդ անապատացման տարիներ, մենք գտնվում ենք դրանց մեջ, մենք չենք կարողանում այդ էջը շուռ տալ, այդ թվում,  եթե ոչ առաջին հերթին՝ այն պատճառով, որ պարզվեց՝ ժամանակին յուրաքանչյուրս մեր գործում թերացել ենք թեկուզ այնքանով, որ լայն իմաստով հանրությունը այս ամենի մեջ այնքան մտած չի եղել, որ կայուն, կուռ իր տեսակետները, իր մոտեցումները,  ճշմարտությունը ստից տարբերելու հնարավորությունն ունենար:

Այդտեղ կա բոլորիս մեղքը. դա մեկ հոգու, տասը հոգու հարց չէ: Եվ հետևաբար, նպատակներից մեկը եղել է այն, որ այդ ամենը հնարավոր լինի տալ, որ իրոք հետաքրքրված մարդը կարողանա իրեն հուզող հարցերի պատասխաններն ունենալ, կամ առնվազն մտածելու տեղիք ունենա՝ հատելով այսօրվա ողջ կեղծիքը»,- գրքի ստեղծման նպատակներին անդրադառնալով՝ մանրամասնեց հեղինակը:

Կարեն Բեքարյանը ցավով արձանագրեց, որ վերջին տարիներին եղել են մարդիկ, որոնք որևէ բարդույթ չունեն վերախմբագրելու և սեփական անձի շահերին ծառայեցնելու պատմությունը: Ըստ նրա՝ եթե այդ հարցում այդ մարդիկ հաջողեն, ապա շատ երկար ժամանակահատվածով՝ սերունդներով, տևական  ժամանակահատվածով չենք կարողանա կյանքի կոչել «այլևս երբե՛ք» բանաձևը:

Հեղինակը նկատեց, որ գրքում փորձել են վեր հանել նաև Արցախյան հարցի շուրջ սերունդների պատկերացումներն և ընկալումները:

«Եվ տա՛ Աստված՝ գիրքը հասանելի լինի մեր լայն զանգվածներին, իրենց կարողանա փոխանցել այն, ինչը ուզել ենք փոխանցել, դրա մեջ՝ առաջինը, որ

հնարավո՛ր չէ՝ ամեն ինչ հանձնել և ամեն ինչից հրաժարվել,

հնարավո՛ր չէ՝ հույս ունենալ, որ կարող ես տանդ կեսը տալ, մյուս կեսում՝ հանգիստ ապրել,

հնարավո՛ր չէ՝ զիջել անընդհատ, երբ դիմացինիդ մոտ քո զիջելը թուլություն է ընկալվում՝ ոչ թե ապագայի տեսլական,

հնարավո՛ր չէ՝ անընդհատ հանձնվել ու դրա վրա ընտանիք, սերունդ պահել,

հնարավո՛ր չէ՝ 4 մետր տարբերությամբ սահմանից այն կողմ՝ կատու լինել,  սահմանից այս կողմ՝ տղամարդ ձևանալ,

հնարավո՛ր չէ ՝միաժամանակ փորձել լինել իբրև թե ամենափակագծերը բացող և ճշմարտախոս, մյուս կողմից՝ աշխարհի ամենավերջին ստախոսը:

Անհամադրելիները չեն համադրվում. բնության կանոնն է այդպիսին, և ինչքան էլ այդ կապիկությունը տևի և դրա շուրջ գրոշները շպրտող կամ չշպրտող հանրությանը հավաքի, դա դրանից չի դադարելու լինել կապիկություն:

Ինչ վերաբերում է ճոճանակին. Այո, ճոճանակը մի դեպքում է կանգ առնում, երբ մտնում է հավասարակշռության վիճակ. այսօր ճոճանակը շատ հեռու է հավասարակշռությունից»,- ամփոփեց Կարեն Բեքարյանը:

Հիշեցնենք՝ գրքի առաջին՝ արցախյան շնորհանդեսը տեղի էր ունեցել Արցախում՝ դեկտեմբերի 10-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս