Ֆրանսիայի ԱԺ նախագահի ասուլիսը՝ ՀՀ դիվանագիտական տապալում

Այսօր Հայաստանում գտնվող Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեի ասուլիսն ու դրանում հնչած դիրքորոշումները լիովին արտացոլեցին Հայաստանի վարած դիվանագիտության, խորհրդարանական դիվանագիտության սնանկությունն ու անմտությունը կամ դրա բացակայությունը։

Եվ սա՝ մի երկրի դեպքում, որը ԵՄ-ում ամենահայամետ երկրի համարում ունի։ Նախ ներկայացնենք Ֆրանսիայի ԱԺ նախագահի մի շարք թեզեր․

  • «Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,
  • «Ինչ վերաբերում է փաստավահաք առաքելությանը (Լաչինի միջանցքում և Արցախում), ես չգիտեմ՝ արդյո՞ք հայկական իշխանությունների կողմից նման դիմում եղել է։ Ֆրանսիան, երբ եղան դիմումներ, օրինակ, Ուկրաինայի կողմից, պատասխանեց այդ դիմումներին, այդ խնդրանքին՝ ուղարկելով մի շարք փորձագետներ։ Բայց չգիտեմ, արդյո՞ք Հայաստանը նման դիմում ձևակերպել և ուղղել է Ֆրանսիային կամ Եվրոպային»,
  • «հույս ունեմ, որ կկարողանանք ևս մեկ անգամ դիմել Եվրոպային և ևս մեկ առաքելություն ուղարկել Հայաստան։ Բնականաբար, այս քննարկումները շարունակվում են։ Սա այն դիրքորոշումն է, որ պաշտպանում է Ֆրանսիան։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր անդամ պետություն համաձայն լինի այդ դիրքորոշման հետ։ Այսօր Ֆրանսիան չի փոխարինում Եվրամիությանը երկու երկրների սահմանին»։
  • «Շատ կարևոր է, որ վերականգնվի ազատ երթևեկությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և էլեկտրական և ինտերնետային կապերը։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից»,
  • Ինչ վերաբերում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին, ապա Ֆրանսիայի ԱԺ նախագահն ասաց․ «Այսօր մենք համարում ենք, որ ամենից կարևորը խաղաղ կարգավորումն է ու երկխոսության վերականգնումը, մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան: Այսօր կարծում ենք՝ այլ ճանապարհներ կիրառելը տեղին չէ, քանի դեռ հնարավոր խաղաղության ու երկխոսության ճանապարհը սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով: Մեր էներգիան 100 տոկոսով դեպի այդ կարգավորմանն է ուղղված»։
  • «Ինչպես գիտեք՝ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու երկրի սուվերենությունն ու անկախությունը: Կառավարության և նախագահ Էմանուել Մակրոնի, ընդհանրապես մեր երկրի զգոնությունն ամբողջական է»,
  • «Ֆրանսիան շատ անհանգիստ է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ: Մենք մտահոգված ենք, քանի որ շրջափակումը մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է»:

Յաել Բրոն-Պիվեի արտահայտած դիրքորոշումները ցույց տվեցին, որ Ֆրանսիան պատրաստ չէ որևէ քայլի Արցախյան հարցի հայամետ լուծման համար։ Տարօրինակ կլիներ այլ բան ակնկալել, եթե նույնիսկ Հայաստանը պատերազմի ընթացքում չճանաչեց ԼՂ անկախությունը, որից հետպատերազմյան իր ելույթներում խոսեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Տարօրինակ կլիներ, եթե Արցախի հայամետ կարգավիճակից Հայաստանի փոխարեն խոսի Ֆրանսիան։ Սա հայկական դիրքորոշումների ուղիղ պատասխանն է։

ՀՀ իշխանությունները, որոնք վերջին շրջանում խոսում են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու անհրաժեշտության մասին՝ ի դեմս Փաշինյանի և Արարատ Միրզոյանի, փաստորեն, «օդի մեջ» հայտարարություններից բացի, դիվանագիտական համապատասխան խողովակներով նման առաջարկ չեն փոխանցել իրենց գործընկեր երկրներին։ Այսինքն՝ դիվանագիտական որևէ աշխատանք, դիրքորոշումների համապատասխանեցում, համապատասխան առաջարկների փոխանցում, քննարկումներ գոյություն չունի։

ՀՀ իշխանությունները զբաղված են պարզապես ներքին լսարանի համար հայտարարություններ անելով։ Ամենահայամետ ընկալվող երկրի՝ Ֆրանսիայի, ԱԺ նախագահի չեզոք դիրքորոշումներն ամենևին չեն նշանակում, թե Ֆրանսիան հայամետ չէ, այլ հայկական դիվանագիտությունն է այսօր ոչ ունակ աշխատել իր որևէ գործընկերոջ հետ, լինի դա Ռուսաստանը, Ֆրանսիան, թե որևէ այլ երկիր։ Այս դեպքում նույնիսկ այլ երկրների մասին խոսք չի կարող լինել, քանի որ ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով Հայաստանը հայտնվել է դիվանագիտական տոտալ մեկուսացման մեջ։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանություններին ամենայն հավանականությամբ բավարարում են հենց այս դիրքորոշումները, ՀՀ իշխանությունները ցանկանում են, ձգտում, որպեսզի Ֆրանսիան դառնա միջնորդ։

«Իհարկե, այդ ձգտման նպատակն անհասկանալի է՝ հաշվի առնելով այն դիրքորոշումները, որոնք այսօր հայտնում է Ֆրանսիան՝ որպես ավանդաբար միջնորդ երկիր։ Ֆրանսիան պարզապես հստակ արձանագրում է ՀՀ տարածքային ամբողջականության հարցը, որը կարծես բավարարում է ՀՀ իշխանություններին։ Մնացածը այդքան էլ կարևոր չէ։

Կասկածելի է՝ եթե Ֆրանսիան միջնորդ դառնա ինչ-որ ձևաչափում, կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնվի, ի՞նչ է փոխվելու հայկական կողմի համար։ Սա մեծ հարց է ինձ համար։ Բոլոր երկրներն այսօր ունեն հարաբերություններ Ադրբեջանի հետ, և բոլոր երկրների դեպքում այդ գործոնն աշխատում է, որևէ տեղ չի չքվում։ Ուստի ինչո՞ւ հենց Ֆրանսիան, հասկանալի չէ»,- ասաց նա։

Ըստ նրա, որևէ միջնորդ մեղադրելի չէ, որ պատրաստ չէ այսօր՝ պատերազմից երկու տարի անց, ճանաչել ԼՂ անկախությունը։

Նա նշեց, որ նման արդյունքներով պատերազմից հետո և հետպատերազմյան դիվանագիտական, աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը պետք է հասանելի դարձներ իր դիրքորոշումները, հստակեցներ։

«Արտաքին սուբյեկտները հիմնվում են կողմերի դիրքորոշումների ու իրավիճակի վրա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս