«Երեք զինծառայողների մարմինները դուրս բերելու համար աշխատանքներ են տարվում». ՊՆ փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու հարցին, նշեց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում դրան անդրադարձել է։

«Զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, որովհետև դա ավելի շատ քաղաքական դաշտում է, իսկ ռազմական տեսանկյունից հնարավոր է փորձագետների կարծիքներ լինեն, որից ևս զերծ կմնամ մեկնաբանություն տալուց։ Զերծ կմնամ նման հարցի պատասխանելուց, որովհետև կարող է պատասխան հնչել մասնավոր կարծիքի տրամաբանության մեջ, բայց ես չեմ ցանկանում նման լուրջ հարցի շուրջ իմ կարծիքը հնչեցնել»,- շեշտեց Արման Սարգսյանը։

Ինչ վերաբերում է կանանց զինվորական ծառայության մեջ ներգրավելու մասին կառավարության նախաձեռնությանը, ՊՆ փոխնախարարը ներկայացրեց, թե որն է այդ նախաձեռնության հիմնական դրդապատճառը՝ կանայք ակտիվություն են ցուցաբերել՝  ինչպես մարտական հրաձգության դասընթացներին, այնպես էլ՝ ՊՆ-ում ծառայելու առումով:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով անհետ կորած զինծառայողների գտնվելու վայրի և զոհված զինվորների մարմինների հայտնաբերման ու տեղափոխման հարցին, Արման Սարգսյանն ասաց.

Կարդացեք նաև

«Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհվել են 224 զինծառայող, որոնց աճյուններն արդեն ամփոփվել են մայր հողում։ Ունենք 3 անհայտ կորած զինծառայողներ, որոնց հստակ գտնվելու վայրը պարզելու և նրանց մարմինները հնարավորության դեպքում դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։ Վստահեցնում եմ՝ ամեն ինչ անում ենք, ընդհուպ՝ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելով, որպեսզի հնարավորություն ընձեռվի մեր զոհված տղանների մարմինները հանելու համար»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս