ՀՀ ՊՆ-ն չի հերքում ՌԴ ՊՆ-ի տեղեկությունը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հունվարի 10-ին հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։
«ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
168.am-ը փորձել է այս առնչությամբ պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մեր հարցին ի պատասխան՝ նշել է, որ խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերը կանխելու ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների միջև փոխգործակցությունը շարունակելու վերաբերյալ ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությանն ավելացնելու որևէ բան չկա:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից 168.am-ին հայտնել էին, որ օտարերկրյա ռազմական կցորդներին ՊՆ-ում ներկայացվել են Լաչինի միջանցքի փակման հետևանքները:
Հավելենք, որ անցած տարի օգոստոսին 168.am-ը փորձել էր ՊՆ-ից ճշտել՝ արդյոք Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև հաստատվե՞լ է ուղիղ կապ այն բանից հետո, երբ 2021-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը:
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը, մի քանի ամիս է՝ չի գործում»,- 2022-ի օգոստոսին մեզ հետ զրույցում ասել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատման մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, երբ 2021-ի տարեվերջին հյուրընկալել էր Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին:
Իսկ երկու երկրների Զինված ուժերի գլխավոր շտաբների միջև շփումը լարված իրավիճակում միանգամայն բնական է: