Եթե Շառլ Ազնավուրը կենդանի լիներ, Ադրբեջանը չէր կարող փակել այս միջանցքը. Հովհաննես Գալստյան

30 օր է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը կարծում է՝ մտավորականները պետք է հավաքվեն ու փորձեն բարձրացնել իրենց ձայնը, նպաստել միջանցքի բացմանը:

«Եթե հիմա ողջ լիներ Շառլ Ազնավուրը, այդպիսի բան չէր լինի: Նա կզանգեր որևէ ղեկավարի, թե նրա լուռ ներկայությունն ուղղակի թույլ չէր տա, որ Ադրբեջանը փակի Լաչինի միջանցքը: Չգիտեմ, կզանգեր Մակրոնին, Պուտինին, Էրդողանին, և այդ միջանցքը կբացվեր: Հայտնի մարդիկ, մտավորականներն ահռելի նշանակություն ունեն աշխարհում կայացվող որոշումների վրա: Իսկ Հայաստանում լուռ են մտավորականները, քանի որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի մտավորականության ներկայացուցիչները կորցնեն իրենց կշիռը հասարակության մեջ: Առանց այն էլ այդքան մեծ չէր մեր հասարակության մեջ մտավորականների ձայնը, կշիռը, որովհետև բոլոր իշխանությունները լավ աշխատել են այդ ուղղությամբ:

Հիմա մտավորականները որ խոսում են, մտածում ես՝ ավելի լավ է՝ չխոսեն, որովհետև ազդեցություն չունեն հասարակության վրա: Բայց սա չափազանց կարևոր խնդիր է: Էլի եմ ասում. եթե Շառլ Ազնավուրը կենդանի լիներ, Ադրբեջանը չէր կարող փակել այս միջանցքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Գալստյանը:

Կարդացեք նաև

Ռեժիսորն ընդգծեց՝ հիմա այն ժամանակն է, որ կրակում են թնդանոթները, իսկ մուսաները լռում են:

«Բայց միևնույն է, համաձայն չեմ լռության հետ: Մտավորականներն ամեն ինչ պետք է անեն՝ իրենց ձայնը բարձրացնելու համար, որովհետև այն, ինչ կատարվում է Արցախում՝ հումանիտար կատաստրոֆա է, որը թույլ տալ չի կարելի: Պետք է այն հայ մտավորականները, ովքեր այս կամ այն երկրում են ապրում և կշիռ ունեն, դիմեն իրենց ղեկավարներին: Նավթի պատճառով ինչքա՞ն կարելի է կործանել մարդկանց: Կարող եմ կոչ անել, որ մտավորականներով հավաքվենք ու գնանք միջանցք, որպեսզի ցույց տանք, որ արցախցու հետ ենք: Կուզեի, որ ինչ-որ կերպ միավորվեին մտավորականներն ու գնային, փորձեին բացել միջանցքը: 1988 թվականին նրանք առաջին շարքերում էին»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս