Փորձում են ցանկացած մեխանիզմով մեզ վրա ճնշում գործադրել և ցույց տալ, թե ինչքան անօգնական վիճակում է հայտնվել հայությունը. Մարիամ Ավագյան

«Ադրբեջանցի կեղծ բնապահպանները 26 օր է, ինչ փակ են պահում Բերձորի միջանցքը: Այստեղ ոչ մի էկոլոգիայի հարց չկա: Փորձում են ցանկացած մեխանիզմով մեզ վրա ճնշում գործադրել և ցույց տալ, թե ինչքան անօգնական վիճակում է հայտնվել հայությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Նրա խոսքով՝ եթե անգամ ճանապարհը բացեն, ապա էլի հնարավոր է՝ փակեն:

«Ինչո՞ւ տվեցին Աղավնոն, որը ռազմավարական կետ էր, ինչո՞ւ տվեցին Բերձորը: Արցախի իշխանությունները  խղճի խայթ զգո՞ւմ են: Ինչո՞ւ Լաչինի միջանցքի կարգավիճակը դրեցին կասկածի տակ: Այն այսօր մեծ վտանգի տակ է: Պետք է մտածել, թե ի՞նչ կարելի է անել, թե չէ, այո՝ կբացեն, կփակեն: Այդ կեղծ բնապահպաններն ընդամենը ստորակետ են՝ ամբողջ ռազմավարական պրոյեկտի մեջ»,- նշեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողը:

Հիշեցնենք՝ 26 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս