«Արցախում իրավիճակը գնալով լարվում է. ցասումը հասնում է կրիտիկական մակարդակի». Արշակ Աբրահամյան
«Արցախում իրավիճակը գնալով լարվում է. մթերքի, սննդի բազմաթիվ կետեր արդեն փակ են, փակ են նաև որոշ հացի արտադրամասեր՝ ալյուր չլինելու պատճառով, բայց ժողովուրդը փորձում է պայքարի ուղիներ գտնել, չկա հուսահատվածություն, չեն կոտրվել, որովհետև Արցախի ժողովուրդը հստակ ունի իր տեսակետը, այսինքն՝ երբեք և ոչ մի ճնշումների տակ չի լքելու իր հայրենի հողը, ամուր մնալու է կանգնած իր հայրենիքում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը:
«Այս ամենը Բաքվի քաղաքական բռնաճնշումների հետևանքն է, որով փորձում են հուսալքել արցախահայությանը, որպեսզի նրանք թողնեն, հեռանան, և Արցախը հայաթափվի, բայց այդ ամենի հակառակն է տեղի ունենում: Պայքարի ցասումը հասնում է արդեն կրիտիկական մակարդակի, և ժողովուրդը փորձում է պայքարի ավելի կենսական գործիքակազմեր ընտրել, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գա»,- ընդգծեց նա:
Արշակ Աբրահամյանը նկատեց՝ Արցախում չեն մտածում, թե Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից. «Հայաստանի իշխանությունը զավթած խունտան է փորձում ամեն կերպ ձերբազատվել Արցախից, այնինչ գործնականում մենք տեսնում ենք, թե երիտասարդական կառույցներն ինչպես են աշխատում, 24/7 ռեժիմով կապի մեջ են մեզ հետ, փորձում են ամեն կերպ օգնել Արցախին: Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, հասարակ ժողովուրդը նույնպես կանգնած են Արցախի կողքին:
Մենք տեսնում ենք, որ հայկական կողմի գլխավոր բանակցողը՝ իր խունտայով հանդերձ, րոպե առաջ փորձում է ձեռքերը լվանալ Արցախից՝ ամեն կերպ ներկայացնելով, որ սա ռուսական ազդեցության գոտի է, խաղաղապահների գործն է: Արցախում ժողովրդի մոտ կա կոնսենսուսային լայն պատկերացում այն բանի շուրջ, որ ռուսական խաղաղապահ զինծառայողները պարզապես հրամաններ կատարողներ են, նրանք ունեն վերադաս հրամանատարություն, որոնց հրամաններին նրանք ենթարկվում են, և թիրախավորել ռուս խաղաղապահ զորակազմի տղաներին՝ ասելով, թե ինչու նրանք այս կամ այն գործողությունը չեն իրականացնում, պետք է այդ ամենին խելամիտ մոտեցում ցուցաբերել: Պետք է հասկանալ, որ կա մանդատի խնդիր, կան տարածաշրջանային զարգացումներ: Հայաստանի քաղաքական իշխանությունից մենք հայանպաստ գործողություններ չենք ակնկալում, նրանք ձեռքերը ծալած նստել են և նայում են, թե Արցախը որքան կարող է գոյատևել՝ նման պաշարման պայմաններում: Նրանց գործելաոճը ի սկզբանե եղել է հակաարցախյան, և ընդհանրապես՝ հակահայկական»:
Նա ընդգծեց՝ եթե չլիներ ռուս խաղաղապահ զորակազմը, ադրբեջանցի «բնապահպանները» կփորձեին հասնել մինչև Ստեփանակերտ. «Նրանք անգամ հասցեներ են նշում, թե իբր այնտեղ են ծնվել և ուզում են գնալ իրենց բնակարանները: Հստակ պետք է գիտակցենք, որ ռուս խաղաղապահ տղաները նրանց թույլ չեն տալիս իջնել Ստեփանակերտ: Նման պայմաններում այդքան էլ դրական չէ խաղաղապահներին թիրախավորելը»:
Արշակ Աբրահամյանը շեշտեց՝ ադրբեջանցիները պետք է առանց նախապայմանների հեռանան Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհից. «Շատ բարդ պայմաններ են ստեղծվել հատկապես երեխաների համար, որովհետև վերջացել են միրգը, բանջարեղենը, մանկական կերերը: Ադրբեջանը ցեղասպան գործողություն է իրականացնում: Տարիքով մեծ մարդիկ կարող են մինիմալ սննդի պայմաններում գոյատևել, բայց փոքր երեխաների առողջության համար սա կարող է անդառնալի վտանգ իր մեջ պարունակել»:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից ելքը նախ՝ իշխանափոխությունն է Հայաստանում. «Փաշինյանն արդեն իսկ պետք է հեռացված լիներ, բայց եթե հեռացված չէ, պետք է նրան ամեն կերպ հեռացնել այդ պաշտոնից: Ժողովուրդը շատ անգամ հարցնում է՝ լավ, իրավիճակն այսպիսին է, Փաշինյանի հեռացումը ի՞նչ կտա, ասեմ՝ գոնե այդ պարագայում կկարողանանք խուսափել նրա բանավոր պայմանավորվածություններից: Առաջին քայլը դա կլիներ: Երկրորդ՝ եթե նա դեռ այդտեղ է, գոնե չհամաձայնի որևէ պայմանավորվածություն իրագործել, քանի դեռ Արցախը շրջափակման մեջ է: 120 հազար մարդ գտնվում է տոտալ շրջափակման մեջ, այս պայմաններում ինչքա՞ն անխիղճ պետք է լինի ՀՀ ղեկավարությունը, որ 120 հազար ժողովրդին և 30 հազար փոքր երեխաներին թողնի և ասի, որ գնում է խաղաղության դարաշրջանի: Նա չի՞ տեսնում, թե՞ չի ուզում տեսնել, թե ինչ է կատարվում 120 հազար հայի հետ Արցախում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում