Բաժիններ՝

Աստծու առաջ ընթացողների ուղին

Հավատը ոչ միայն համոզում է, որ գոյություն ունի Աստված, այլև կենսակերպ է, կյանքի յուրահատուկ որակ: Հնարավոր չէ հավատի կյանքն ապրել իմիջիայլոց, այն ենթադրում է յուրահատուկ ռիթմ. առօրյա հոգսերի ու խնդիրների մեջ անհրաժեշտ է կանգ առնել և լռության ու խաղաղության մեջ հաղորդակցվել Երկնավոր Հոր հետ:

Հավատը մի ուղի է, որ առաջնորդում է դեպի Աստված: Քրիստոնեական կրոնի հիմնադրումից ի վեր Քրիստոսի հետևորդներն ընթացել ու ընթանում են Աստծու առաջ՝ ապրելով աստվածային ներկայության իրական և կենդանի զգացողությունը: Աստծու առջև ընթացողների մշտական ուղեկիցներն են աղոթքը, պահքը, բարեգործությունը, Աստծու մասին խոկումը, աստվածպաշտությունը և բազում այլ առաքինություններ:

Բոլորը՝ այդ թվում Քրիստոսի հետևորդները, հանդիպում են դժվարությունների ու փորձությունների, նրանց և այս ընթացքից հեռու ապրողների տեսանելի տարբերությունն այն է, որ Քրիստոսի հետևորդները փախչում են մեղքից, իսկ գործած մեղքերից մաքրվում՝ ապաշխարությամբ և Հաղորդությամբ: Խնդիրներով և դժվարություններով հանդերձ քրիստոնյայի կյանքը ներքնապես այլ բովանդակություն ունի, քանի որ նրա կյանքի յուրաքանչյուր պահին ներկա է Աստված, նա մշտապես Աստծու առաջ է: Այդ պատճառով նրա կյանքն իմաստավորված է, քանի որ թանկ է նրա համար ժամանակը, գիտի ամեն մի խոսքի արժեքը, վերահսկում է իր մտքերը և պատրաստ է պատասխանատվություն կրել իր արածի համար: Այլ խոսքով՝ Աստծու առաջ ընթանալը թույլ չի տալիս կյանքին մակերեսային և անխոհեմ վերաբերվել:

Քրիստոնյաների համար հավատի մեծ օրինակ է հանդիսանում աստվածաշնչյան նահապետներից Աբրահամը, որ ընթանում էր Տիրոջ առաջ: Նա ուներ անարատ, բարեսեր ու մարդասեր հոգի: Աբրահամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ Աստված նրան ասաց, որ հեռանա իր երկրից, իր ցեղից ու իր հոր տնից և գնա այն երկիրը, որ ցույց կտա իրեն և որ մեծ ցեղի նախահայր է դառնալու: Քսանհինգ տարի անց Աբրահամը ստացավ Աստծու կողմից խոստացվածը, բայց մինչ այդ նրա հավատը չթուլացավ, այլ՝ պտուղներ տվեց. նա հավատաց առանց ապացույցների՝ առ Աստված մեծ վստահություն ցուցաբերելով:

Նա հավատի մեծ օրինակ հանդիսացավ: Աստված երկար տարիներ փորձեց Աբրահամ նահապետի համբերությունը և նոր միայն կատարեց Իր խոստումը: Ինչպես ոսկին, երկար ժամանակ հնոցում մնալով, մաքրվում է, այնպես էլ նահապետի առաքինությունը, փորձության մեջ ավելի մաքրվեց ու լուսավորվեց: Աբրահամ նահապետի վերաբերյալ սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է.

«Աստված դանդաղում էր կատարել Իր խոստումը, որ տվել էր Աբրահամին տարիներ առաջ, որպեսզի ոչ միայն տեսնենք նահապետի համբերությունն ու մեծ առաքինությունը, այլ Աստծու անսահմանելի կարողությունը: Աբրահամի մարմինը թառամել ու հյուծվել էր ծերությունից, որդեծնության համար դարձել անընդունակ և միայն այդ ժամանակ Տերը, բացահայտելով նահապետի առաքինությունը, հայտնեց Իր ուժը և կատարեց Իր խոստումը»:

Ս. Բարսեղ Մեծը հավատի սխրանք է անվանում այն անձի պատրաստակամությունը, որ առանց կասկածանքի ու վարանումի ընդունում է Աստծու ամեն մի խոսք: «Իր հավատով էր, որ Աբրահամը հնազանդվեց Աստծու կոչին, որպեսզի վեր կենա ու գնա այն տեղը, որն ստանալու էր իբրև ժառանգություն, և ճանապարհ ընկավ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում: Հավատով էր, որ Աբրահամը Իսահակին որպես զոհ մատուցեց, երբ Աստված փորձում էր նրան: Մատուցեց իր մեկ հատիկ զավակին՝ չնայած այն իրողության, որ նրա մասին խոստում էր ստացել, որովհետև Աստված Աբրահամին ասել էր. «Իսահակը կլինի քո սերնդի շարունակողը»: Աբրահամը մտածեց, որ Աստված մեռելներից էլ կարող է հարություն տալ Իսահակին, ուստի որպես մեռելների հարության օրինակ՝ նա հետ ստացավ իր որդուն» (Եբր. 11:8, 17-19):

Շատերն են հավատում Աստծուն, որ Նա իրական է, Նրա խոսքը ճշմարիտ է, և Նա տենչում է յուրաքանչյուրի փրկությանը: Բայց ինչով է տարբերվում և առանձնանում Աբրահամի հավատը, այն ուղղակի հավատ չէր, այլ լիարժեք վստահություն Աստծու հանդեպ: Այդ սիրո, վստահության, հավատի, հնազանդության և երկյուղի համար էր Աստված սիրում Աբրահամին: Նա ընտրեց արդար Աբրահամին, որպեսզի նրա սերնդի միջոցով պահպանի ճշմարիտ հավատը ողջ մարդկության համար. «Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես: Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, իսկ քեզ անիծողներին պիտի անիծեմ: Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները» (Ծննդ. 12:2-4): Ժամանակի ընթացքում այդ սերնդից ծնվեց խոստացված Փրկիչը, Ում օրհներգում են քրիստոնյա ազգերը:

Աբրահամի պատմությունը օգնում է հասկանալ ու գիտակցել, որ Աստծու հետ հաղորդակցությունը, կապն ու միությունը զերծ չեն փորձություններից ու դժվարություններից: Եվ, Աբրահամի հավատի օրինակն աչքի առաջ ունենալով, անհրաժեշտ է հիշել, որ փորձության ժամանակ չպետք է խամրի ու տկարանա քրիստոնյայի հավատը, վստահությունն ու հույսն առ Աստված և Նրա ողորմածության ու փրկարար նախախնամության հանդեպ:

Երբ մարդ ցանկանում է ուժեղ դառնալ, անմիջապես իրեն ուժեղ չի զգում, այլ մարզվում է, որպեսզի ամրացնի իր մարմինը և ձեռք բերի այդ ուժը: Երբ մարդ ցանկանում է ազատվել բարկությունից, անմիջապես չի ազատվում այդ մահացու մեղքից, այլ սովորում է զսպել իրեն այն իրավիճակներում, որ սովորաբար նրան բարկության են մղում: Մարդն այնպես է արարված, որ կարող է ամեն ունակություն զարգացնել: Հավատը ևս հոգու ունակություն է, որ անհրաժեշտ է սնել, աճեցնել ու զորացնել:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս