Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ֆոնին ՀՀ Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսում

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսում։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը ընդունվել է 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում: Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչև այժմ չի վավերացրել, ուստի անհրաժեշտ է այս միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսելու նպատակով ևս մեկ անգամ դիմել Սահմանադրական դատարան 2015 թվականի խմբագրությամբ նոր Սահմանադրությանը դրա համապատասխանությունը ստուգելու հարցով, քանի որ գործընթացը ընդհատվել էր 2004 թվականի օգոստոսի 13-ի Սահմանադրական դատարանի որոշմամբ, երբ Հռոմի կանոնադրությունը ճանաչվեց 1995 թվականի Սահմանադրությանը հակասող։

Կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու և դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը:

Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը և հրատապությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

2021 թվականի մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը, ռազմական ագրեսիա իրականացնելով ՀՀ-ի դեմ, ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում։ Այնուհետև, 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացվեց նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի զինված ուժերի և քաղաքացիական բնակչության շրջանում, և որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ։

«Ավելին՝ դատելով Ադրբեջանի կողմից դրսևորած պահվածքից և կատարած ռազմատենչ հայտարարություններից, Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր։

Այս պայմաններում, ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարևոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված և Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաև պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար»,- ասված է հիմնավորման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս