Ավելի տրամաբանական է հարցն ուղղել բանակցող կողմերին. Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հավանականության մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կնքելու մասին հարցը հարկավոր է տալ բանակցող կողմերին: Այսպես է «РИА Новости»-ին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել լրագրողի այն հարցին՝ արդյոք առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր և արդյոք այնտեղ ամրագրված կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
«Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, հնարավոր ամեն աջակցություն ցուցաբերում է այս գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ ընկերները»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։