Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների վիճակի վրա․ ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ.

«Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա: Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաև ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է նախորդ պայմանավորվածություններին համապատասխան Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը: Սա չափազանց կարևոր է ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղում երեխաները լինեն պաշտպանված, և որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան ապահով և արագ հասնել կարիքի մեջ գտնվողներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին»:

Տեսանյութեր

Լրահոս