Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքը հայտնվել է միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Հանրահավաքի մասին գրել է Agence France Presse (AFP) գործակալության թղթակիցը: Հոդվածը տարածել են France 24, Digital Journal, Channel News Asia, RFI լրատվամիջոցները:

Հոդվածի հեղինակը հակիրճ ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակը, ինչպես նաև Արցախի ժողովրդի՝ 2 շաբաթ շարունակվող արգելափակումը:

Հոդվածի հեղինակը, վկայակոչելով ՀՀ կառավարությանը, նշում է, որ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում առաջացել է սննդի, դեղորայքի և վառելիքի պակաս:

AFP-ի թղթակիցը զրուցել է Ստեփանակերտի 70-ամյա բնակչուհի Դոնարա Գաբրիելյանի հետ, ով շեշտել է, որ Լաչինի միջանցքով Արցախը կապվում է ոչ միայն Հայաստանի հետ:

«Սա միակ ճանապարհն է, որ կապում է Արցախը մնացած աշխարհի հետ, ոչ միայն Հայաստանի, քանի որ մենք աշխարհի հետ կապվում ենք Հայաստանի միջոցով», – ասել է Դոնարա Գաբրիելյանը:

Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած հանրահավաքին է անդրադարձել նաև ТАСС լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցը նույնպես ներկայացրել է վերջին երկու շաբաթներին Լաչինի միջանցքի արգելափակումը և երկու կողմերի հայտարարություններն այդ առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս