«Արցախյան ցույցը ՕԳԳ է բերելու բացառապես Արցախին, իսկ Հայաստանը այդ ՕԳԳ-ն հերթական անգամ տանուլ է տալու». Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա 2018 թ-ի փետրվարի 5-ին Ելք դաշինքի միտինգն է Շարլ Ազնավուրի հրապարակում ընդդեմ թանկացումների: Ելույթներով , քաղաքական գնահատականներով, ելքի փնտրտուքներով, այսինքն դասական չաշխատող ու դանդաղկոտ քաղաքական պրոտեստի գործիքակազմով: Նկարում ռուպրով մարդը անում է նույն «չաշխատող քաղաքական բանը» ինչ արել և անում են այսօր էլ այլ ընդդիմադիրներ: Մյուս նկարում «հոծ բազմությունն» է, դատեք քանակից, թե նրա ասածը քանի հոգու է հետաքրքիր և քանի հոգու է բերել ցույցի և քանի հոգի է ռուպրով մարդու հետ որևէ բեկման կամ փոփոխության հույս կապում, վստահաբար ներկա 456 հոգուց մոտ 45-ը:
Շուրջ 70 օր հետո ռուպրով մարդը դարձավ-դարձվեց հայկական Դոն Կիխոտի, Ռոբին Գուդի, Գանդիի խառնուրդ: Ինչպես դա եղավ, այլ քննարկման հարց է , փաստ է, որ եղավ:
Ամեն անգամ, երբ այսօր կփնտրեք ելքեր նախկին ռուպրով մարդուց ազատվելու և չիմացության, ապաքաղաքականության հիմքով, անարդյունք լիդերափնտրտուքի ուժով հուսահատ լինեք, հիշեք մեկ հանգամանք, որ 2018թ-ի փետրվարի 5-ից ընդամենը 70 օր հետո,ապրիլի 17–ին, երկրում, փաստացի սկսված «հեղափոխության» պայմաններում ճիշտ, գրագետ, համառ աշխատանքի արդյունքում ռուպրով մարդը մի կողմ դնելով «չաշխատող ընդդիմադիր բաները» հասավ իշխանափոխության:
Ամբարտավանության և պոռոտախոսության բարձրունքներ գրավող երիտ ՔՊ-ականների ու ծերունական քաղաքական մառազմի անդունդներ ցուցադրող ալեհեր ՔՊ-ականներ, հիշեք մեկ բան՝ Հայաստանում Սերժ Սարգսյանը իր հրաժարականի օրը ավելի շատ, ավելի կայուն և ավելի օպերատիվ իշխանություն ուներ, քան դուք երեկ, այսօր և վաղը կամ ձեր ամենաուժեղ պահին: Այլ հարց է, որ նա չուներ այդ իշխանության հորիզոնական լեգիտիմության խիտ հիմքերը, բայց ուներ իրավիճակի բեկման ողջ իշխանական պահուստն ու ուղղահայացը, որը չօգտագործեց, թե ինչու՞, դա էլ է այլ հարց, փաստն այն է, որ չօգտագործեց:
Ասել կուզեմ հիշողությունը լավ բան է, ինստիտուցիոնալ հիշողությունը ավելի լավ բան է, իսկ քաղաքական հիշողությունը օգտակար բան է: Մի հուսահատվեք, հիշեք ռուպրով մարդուն 2018-ի փետրվարին և նրա հանրահավաքը և հիշեք նրան ապրիլի վերջի հանրահավաքները և ոչինչ մի բացառեք: Եթե նրա պարագայում 70 օր էր պետք, ապա մեկ այլ պարագայում 7 օրն էլ է բավարար լինելու, երբ վերջապես ոմանք մի կողմ դնեն ինչպես նշեցի վերևում՝ «քաղաքական գնահատականներով, ելքի փնտրտուքներով, այսինքն դասական չաշխատող ու դանդաղկոտ քաղաքական պրոտեստի գործիքակազմը, այսինքն «չաշխատող քաղաքական բանը» ինչպես ռուպրով մարդը դա անում էր 2018-ի փետրվարի 5ին:
P.S. Այսօրվա Արցախյան ցույցը ՕԳԳ է բերելու բացառապես Արցախին, իսկ Հայաստանը այդ ՕԳԳ-ն հերթական անգամ տանուլ է տալու: Ես չեմ տեղադրում Արցախի հանրահավաքի նկարները պատրիոտիկ գրառումներով, ես ՕԳԳ տանուլ չտալու ուղին փնտրելու և տեղ հասցնելու ճանապարհը ավելի օգտակար գործ եմ համարում»: