ՌԴ-ն չի մեկնաբանում, թե ինչպես է խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»- ին տված հարցազրույցում չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով առաջարկվում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
«Կցանկանայի ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն ընթանում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»,-ասել է նա:
Գալուզինը հավելել է, որ Մոսկվան միայն աջակցություն է ցուցաբերում կողմերին, ինչպես դա արձանագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ ՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով։
«Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները կոնֆիդենցիալ բնույթ են կրում։ Մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Դա միայն կվնասի գործին», – նկատեց նա։