Ռուսաստանը բոլորից շատ է շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, արդար խաղաղությամբ և ռեցիդիվների կանխմամբ. Լավրով

Ռուս խաղաղապահները ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար և կապի մեջ են կողմերի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը բոլորից շատ է շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, արդար խաղաղությամբ և ռեցիդիվների (իրավիճակի կրկնում) կանխմամբ»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան կողմ է «լիարժեք տրանսպորտային հաղորդակցության հնարավորինս արագ վերականգնմանն ու լուծել Արցախում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև առկա տարաձայնությունները»:

«Թեման հին է, ժառանգություն է ստացվել Խորհրդային Միությունից, և, իհարկե, պետք է հնարավորինս շուտ վերացնել դրա սրությունը»,- պարզաբանել է նախարարը։

Ավելի վաղ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք էր հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է եռակողմ հանդիպումից։

Նա նշել էր, որ Երևանը վերջին պահին որոշել է չմասնակցել միջոցառմանը։

«Այսօրվա համար պայմանավորվել էինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի քննարկումը։ Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել էր Լավրովը։

Նա ընդգծել էր, որ այնուհանդերձ, ԲՎայրամովի հետ այսօրվա հանդիպճմանն իրենք քննարկելու են ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած չորս եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

«Վստահ եմ, որ ցամաքում ինչ հարցեր էլ, որ առաջանան, անհրաժեշտ , այնուհանդերձ, կանոնավոր կերպով հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հիմք ստեղծել բոլոր հարցերը կարգավորելու համար»,- հավելել էր Լավրովը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հարցին՝ ճ՞իշտ են տեղեկությունները, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակներում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա, Վահան Հունանյանը պատասխանել է.

«Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները»։

Տեսանյութեր

Լրահոս